Համացանցում լայն տարածում են գտել վթարի ենթարկված SSJ-100-ում նկարահանված վերջին կադրերը, որոնք արվել են Ասիայի երկրներով ցուցադրական թռիչք կատարող ինքնաթիռի բլոգերների կողմից:

Տեսագրությունում նկարահանված է մայիսի 8-ին Superjet 100-ի Ջակարտա ժամանելը եւ Ջակարտայից ինքնաթիռի ուղեւորվելն առաջին հաջող թռիչքին, հայտնում է «Ռոսիա 24» -ը:

Այլ կադրերում նկարահանված է, թե ինչպես անձնակազմը եւ ուղեւորներն ինքնաթիռ են բարձրանում մայիսի 9-ին` ուղեւորվելով չարաբաստիկ չվերթին:

Ռուսական ինքնաթիռը վթարի է ենթարկվել մայիսի 9-ին` ցուցադրական թռիչքի ժամանակ: Այն բախվել էր Սալակ լեռան լանջին` 1,6 կմ բարձրության վրա:

Մայիսի 14-ի առավոտյան վթարի վայրում վերսկսվել են որոնողական աշխատանքները: Ներկայումս փրկարարները Ջակարտա են ուղարկել զոհվածների մարմնի մասերի հատվածներով 24 բեռնարկղեր:

Վթարի վայր են ժամանել ռուս փրկարարները: Սպասվում է, որ այսօր կբարձրացվեն ինքնաթիռի ձայնագրիչները: Փրկարարների աշխատանքները դժվարացնում են եղանակային վատ պայմանները եւ բարդ տեղանքը: