Այդ մասով ես խնդրում եմ այլևս հարցեր չտալ, եկեք չանլրջացնենք, ես քանի անգամ դրա մասին խոսել եմ, պարզաբանել եմ։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 5–ին, ԱԺ–ում NEWS.am–ի հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ժամանակին կոկորդիլոսների բուծարան էր ուզում կառուցել, ի՞նչ եղավ այդ ծրագիրը։

«Այդ ծրագիրը մի հատ թյուրիմացություն էր։ Այդ ծրագիրն առաջ քաշող մարդը հետո հայտնվեց Գյումրիում, որ ուզում էր օդային ինչ-որ ճոպանուղու ցանց կառուցել, այնտեղ էլ առաջարկում էր 600 միլիոն դոլարի ներդրում կատարել, պարզվեց, որ շարքային ինչ-որ փուչ ծրագիր է, որը ուզում են ներկայացնեն, ներդրողներ ներգրավեն։ Այսինքն չունենալով ոչ մի դրամական միջոց, իրենք եկել էին և մեր մարզում ուզում էին այդ գործունեությունը ծավալել, իսկ ես որպես մարզպետ հեղափոխությունից հետո, մենք իրավունք չունեինք որևէ ներդրողի առաջարկը չլսելու, չքննարկելու  ու հետամուտ չլինելու, որպեսզի մեր մասով որևէ խոչընդոտ չառաջանա։ Այդ բոլոր փուլերով մենք անցել ենք, ամեն ինչ պատրաստ է եղել ծրագրի իրագործման համար, բայց ֆեյք ներդրողը, որը հանդես էր գալիս որպես միլիոնատեր և իբր ուներ այդ ֆոնդերը, վերջում հրաժարվեց այդ ծրագրից, գնաց արդեն Գյումրիում, ևս մեկ ֆեյք ծրագիր էր փորձում առաջ քաշել։ Ես մամուլից իմացա, որ Գյումրու համայնքապետարանը արդեն ավագանու նիստ է հրավիրել և հավանություն է տվել այդ ծրագրին, անմիջապես զանգեցի մարզպետին, ասացի՝ այս մարդը մեզ մոտ այդ ծրագիրն էր ուզում իրականացնել, ինքը նույն մարդն է, իրեն լուրջ չընդունեք և այդ ծրագրին հավանություն չտաք, ինքը որևէ միջոցների չի տիրապետում և չի անելու այդ ծրագիրը։ Եթե ինքը իր ասելով 12 միլիոն դոլարանոց ծրագիրը չարեց, 600 միլիոն դոլարանոց ծրագիրը ո՞նց է անելու»,– ասաց Գարիկ Սարգսյանը։

Անդրադառնալով նրան, թե որքանով են աճել իր եկամուտները 2018–ից հետո, Գարիկ Սարգսյանն ասաց. «Ես անձնական մեքենա չունեմ, ունեմ մեկ բնակարան համատեղ, որ վերցրել ենք, որպեսզի կարողանանք եկամտահարկով փակել 24 թվականի դեկտեմբերից Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում։ Շատ համեստ, 73 քմ տարածքով բնակարան է, այդքան էլ մեծ չի, արժեքն էլ կարող եմ ասել, բայց իմ կամ կնոջս հայտարարագրերում դա երևում է։

Դուք կարող եք հետաքննություն անել պարզելու համար, թե ես մինչև գյուղապետ ընտրվելը կամ մարզպետ նշանակվելը, դրանից առաջ իմ ծնողները ի՞նչ ունեցվածքի են տիրապետել։ Առհասարակ կարող եք մեր համայնքում հետաքրքրվել, մենք մինչև այդ ո՞նց ենք ապրել, լավ ենք ապրել, վատ ենք ապրել, դրանից հետո մեր ի՞նչն է ավելացել կամ պակասել»։