ԱԺ փոխխոսնակի պաշտոնում Արամ Վարդևանյանի օգտին քվեարկելու վերաբերյալ ՔՊ խմբակցությունը որոշում կկայացնի և խմբակցության ղեկավարը այդ մասին կհայտարարի, նաև կհայտարարի այդ որոշման դրդապատճառների մասին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը։
Հարցին՝ ի՞նչ եք ակնկալում Արամ Վարդևանյանից, որի դեպքում կողմ կքվեարկեք, նա պատասխանեց, որ այդ հարցին կկարողանան պատասխանել, երբ ՔՊ–ն ունենա որոշում, նաև կհայտնեն, թե ինչքան քվե կտան Վարդևանյանին, եթե որոշեն կողմ քվեարկել։
Ալեքսանյանը հորդորեց ընդդիմադիրներին վիրավորական արտահայտություններ չանել. «Վստահ չեմ, որ եթե քաղաքական պոլեմիկան տեղափոխվի այդ դաշտ, դրանից «Ուժեղ Հայաստանը» կամ այդ ուժի առաջնորդը կշահեն։ Հիշեցնում եմ, որ կային երկու ուրիշ քաղաքական ուժեր, որոնք մտան էդ դաշտ, արդյունքը նրանց համար այնքան էլ գոհացուցիչ չէր»։ ՔՊ–ական գործիչը համաձայն չէ, որ իշխող խմբակցությունը երեկ դուրս եկավ բարեկրթության օրակարգից. «Կարծում եմ՝ դրանից դուրս եկավ նախևառաջ Նարեկ Կարապետյանը։ Այն, ինչ տեղի ունեցավ ԱԺ–ում, հայելայնացում էր։ Եթե ձեր ասածն այն է, որ կարելի է մեզ վիրավորել, ու դրանից հետո մենք պետք է շարունակենք մնալ բարեկիրթ, ոչ մենք չենք շարունակելու մնալ բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են։ Եթե ձեր ասածն այն է, որ մենք շարունակելու ենք մնալ հեզ ու բարեկիրթ, երբ մեզ հարվածում են, ոչ մենք չենք մնալու հեզ և բարեկիրթ, երբ մեզ հարվածում են։ Մեր նկատմամբ կցուցաբերեն հարգանք, կստանան տասնապատիկ ավելի շատ հարգանք, մեր նկատմամբ կցուցաբերեն անհարգալից վերաբերմունք, կստանան շատ ավելի շատ անհարգալից վերաբերմունք։ Շատ պարզ պարզ կանոն է, որի պահելը չափազանց հեշտ է, որի պայմանները շատ հստակ են»։
Հարցին՝ ՔՊ–ում քննարկվե՞լ է Կոնջորյանի եղբոր հետ կապված սկանդալային միջադեպը, արդյոք պատահականություն էր, որ Կոնջորյանի եղբորը ուղեկցում էին պարեկներ, որպեսզի նա կարողանա ազատորեն հայհոյանքներ հնչեցնել, Վահագն Ալեքսանյանը պատասխանեց. «Որպեսզի տարատեսակ տպավորություններ չլինեն, կա հարուցված քրեական վարույթ, որը կտա պատասխաններ»։











