Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն օգոստոսի 7-ին Ազգային ժողովի նիստում, ընդդիմությունից խորհրդարանի փոխնախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, սկսեցին աղմկել և հարվածել սեղաններին՝ «Կտրիճ Ներսիսյան» արտահայտության պատճառով (Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի աշխարհիկ անունը - խմբ.), որը խորհրդարանի ամբիոնից հնչեցրեց իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

«Սկսեմ նրանից, որ Կտրիճ Ներսիսյանի ղեկավարությամբ եկեղեցին սկսել է միջամտել…»,- փորձեց իր ելույթը սկսել Հովհաննիսյանը՝ հանդիպելով ընդդիմադիր պատգամավորների դժգոհությանը և սեղաններին հարվածելուն։

Ի պատասխան՝ Հովհաննիսյանը կոչ արեց իրեն չխանգարել։ Նրա կոչին միացավ նաև ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ հավելելով.

«Հարգելի գործընկերներ, այս ամբիոնից կարող են հնչել ձեզ համար տհաճ հայտարարություններ։ Քանի դեռ որևէ վիրավորանք չի հնչել, դուք պարտավոր եք լսել»։

Հովհաննիսյանը կրկին փորձեց շարունակել իր խոսքը, սակայն ընդդիմադիր պատգամավորները նորից սկսեցին հարվածել սեղաններին։

Ռուբինյանը նախազգուշացրեց, որ եթե դա շարունակվի, ապա «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներն էլ կսկսեն նույն կերպ արձագանքել։

Չնշելով Գարեգին Բ-ի աշխարհիկ անունը՝ Հովհաննիսյանը շարունակեց ելույթը և հայտարարեց, որ կաթողիկոսը միջամտել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև որ հոգևորականության երկու ներկայացուցիչներ խախտել են կուսակրոնության ուխտը, ինչը, նրա գնահատմամբ, «խարխլում է պետականության հիմքերը»։

Հիշեցնենք, որ Հայաստանի գործող Սահմանադրությունը հռչակում է աշխարհիկ պետության սկզբունքը։ Այսինքն՝ եկեղեցին և կրոնական կազմակերպությունները անջատված են պետությունից։ Միևնույն ժամանակ, Հիմնական օրենքն ամրագրում է Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) առանձնահատուկ դերը՝ որպես հայ ժողովրդի ազգային եկեղեցի և նրա պատմական ու հոգևոր ժառանգության մաս։