Ոչ մի քրիստոնյա դատավոր չի կարող ստանձնել իր հոգևոր հորը դատելու գործը. Հայաստանի Հանրապետության այն դատավորները, որոնք Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդներ են, ունեն լիարժեք բարոյական և իրավական հիմք՝ ինքնաբացարկ հայտնելու Ամենայն հայոց կաթողիկոսի գործով, քանի որ հավատացյալ մարդու համար եկեղեցու գլուխը հոգևոր հայր է։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 12-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

Նրա խոսքով՝ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների՝ եկեղեցու և նրա առաջնորդի հասցեին հնչող սադրիչ հայտարարությունները միտված են Ազգային ժողովի բնականոն աշխատանքը խափանելուն։

«Եթե «Քաղաքացիական պայմանագիր»-ից որևէ պատգամավոր հանձնաժողովներից մեկի նախագահի թեկնածության քննարկման ընթացքում սկսում է խոսել Հայ առաքելական եկեղեցու և նրա առաջնորդի մասին, ապա դա ոչ այլ ինչ է, քան նախապես ծրագրված սադրանք և խորհրդարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում», - նշել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը։