Հայաստանը գտնվում է բարձր տնտեսական ցիկլում։ Օրինակ՝ պղնձի գինը գրանցել է պատմական ռեկորդ։ Այս մասին օգոստոսի 14-ին Ազգային ժողովի նիստում, տնտեսական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հայտնել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ դիմելով վերոնշյալ պաշտոնի թեկնածուին՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանին։
«Բացի այդ, կա ռուս-ուկրաինական պատերազմը, որի հետևանքների պատճառով միլիարդներ սկսեցին հոսել Հայաստան։ Բայց միևնույն ժամանակ, չնայած զգալի շահույթին, մեր երկիրը շարունակում է ավելացնել իր պետական պարտքը։ Ընդ որում՝ չնայած մարման բարձր տոկոսներին», - ասել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ Վրաստանում աղքատության մակարդակը 2 անգամ ցածր է, քան Հայաստանում։ Եվ սա՝ Հայաստանի համար այսպիսի բարենպաստ պայմանների առկայության դեպքում։
Ի պատասխան՝ Թունյանը հայտնել է, որ ինքը այն կառույցի ներկայացուցիչը չէ, որը մշակում և իրականացնում է երկրի տնտեսական քաղաքականությունը։
Պատգամավորի խոսքով՝ Կարապետյանը դեռ հնարավորություն կունենա իրեն հետաքրքրող հարցերն ուղղել երկրի վարչապետին և կառավարության անդամներին։











