Վիետնամի իշխանությունները մի քանի ամիս է փորձում են պարզել արդեն 21 մարդու կյանք խլած հանելուկային հիվանդության աղբյուրը: Տեղացի բժիշկները եզրակացրել են, որ մաշկային հիվանդությունը կարող էին հարուցել հողում առկա թունավոր ծանր մետաղները եւ բորբոսը, որոնք կարող են վարակել բրինձը:
Վարակի աղբուրը հայտնաբերելու համար կառավարությունը ներկա պահին առողջապահության հարցերով խորհրդատուներ է ուղարկել կենտրոնական Վիետնամ, որտեղ համաճարակի բռնկում է տեղի ունեցել:
Վիետնամի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ երկրի շատ բնակիչներ թերսնվում են եւ ի վիճակի չեն պայքարել հիվանդության դեմ, որն սկսվում է ոտքերի եւ ձեռքերի վրայի ցանով, այնուհետեւ ախտահարում է լյարդը եւ մարդու այլ ներքին օրգաններ, գրում է BBC-ն:
Վիետնամի հաղորդած վերջին տվյալներով` վարակված է 200 մարդ:
Ինրպես հաղորդել էր NEWS.am-ը, Վիետնամում անհայտ հիվանդության համաճարակ է բռնկվել: Բժիշկները չեն կարողանում հասկանալ ինչ է դա: Հիվանդությունն սկսել է տարածվել Հարավ-Չինական ծովի ափին գտնվող Քուանգնգայ գյուղում: Հիվանդությունը կարող է ուղեկցվել լյարդի աշխատանքի խափանմամբ եւ ներքին օրգանների ախտահարմամբ:
Նախանշաններն են` անհասկանալի ցան եւ ախորժակի կորուստ:











