Ինչպե՞ս է ստացվում, որ մանրածախ վաճառքում վառելիքը ձեռք եք բերում 510 դրամով, իսկ մեծածախում՝ 545 դրամով։ Այդ ի՞նչ առևտրականներ եք դուք։ Եվ դեռ համարձակվում եք ինչ-որ բանում մեղադրել Դավիթ Ղազինյանին։ Այս մասին Ազգային ժողովի նիստում Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ օգոստոսի 17-ին հայտարարել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ մեկնաբանելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կողմից ավելի վաղ հնչած քննադատությունը Դավիթ Ղազինյանի հասցեին։

«Շաբաթ օրը տեսանյութ հրապարակվեց. ինչ-որ տնտեսվարողներ առաջարկել են Երևանի քաղաքապետարանի անմիջական համակարգման տակ գտնվող պոլիկլինիկան վարձակալության տալ դեղատան համար 540 հազար դրամով, իսկ քաղաքապետարանի պաշտոնյան ի պատասխան հայտարարել է. «Ոչ, ես նպատակահարմար եմ գտնում տալ մեկ այլ տնտեսվարողի 300 հազար դրամով»։ Գայթակղություն է առաջանում դիմելու Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմադիր եղած ժամանակվա հռետորաբանությանը, եթե, նման հռետորաբանությունը, իհարկե, կիրառելի է մեր բացատրական բառարանում… Կարո՞ղ ա հիմա էլ Ռոմանոս Պետրոսյանից SMS ստանաք ու Տիգրան Ավինյանի հրաժարականը պահանջեք։ Այ էդ արդար կլիներ»,- ասել է Մանուկյանը։

Խոսելով համայնքների զարգացման խնդիրների մասին՝ նա մտահոգություն է հայտնել նրանց միջև դոտացիաների անարդար բաշխման համակարգի վերաբերյալ։

«Եթե համայնքի ղեկավարը հայտնվում է ընդդիմադիր դիրքերում, ապա վերջ՝ համայնքը սկսում են հետ քաշել»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը։