Հայաստանի խորհրդարանում կրքերը, չնայած կոռեկտության և քաղաքավարության մասին հնչեղ հայտարարություններին, շարունակում են եռալ։

Օգոստոսի 17-ին տեղի ունեցած հերթական բանավեճային միջադեպը «զարդարվեց» դասական գրականությունից մեջբերմամբ։

Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Գարիկ Սարգսյանը, ով լայն հանրությանը հայտնի է կոկորդիլոսների նկատմամբ իր հետաքրքրությամբ, որոշեց նորից զարմացնել հանրությանը՝ Հայաստանի Ազգային ժողովում մեջբերելով 19-րդ դարի հայ բանաստեղծ Ռաֆայել Պատկանյանի «Հայերուս թուքը» բանաստեղծությունից մի հատված։ Քանի որ էկզոտիկ սողունների սիրահարի պոետիկ պոռթկումն ուղղված էր ընդդիմությանը, վերջինիս դա դուր չեկավ, ինչի մասին էլ բարձրաձայնվեց։ Արդյունքում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ «ՔՊ» անդամների թվում կան ՝ ինչպես մարմնի, այնպես էլ հոգու համար բժիշկներ։

NEWS.am-ի թղթակիցը պոեզիայի և բժիշկների մասին զրուցել է իշխող ուժի մի քանի ներկայացուցչի հետ։

Վահե Ղալումյանը վստահեցրել է, որ փորձել է մեղմել կրքերը, իսկ ուժ կիրառելու ցանկություն (Ղալումյանի պնդմամբ՝ դա ֆիքսված է տեսանյութում) չի եղել։ «Ընդամենը Ղազարյանին («Ուժեղ Հայաստան» խմբակցությունից Էդգար Ղազարյանին) մի քանի բառ ասացի իր իսկ բառապաշարից»,- հայտնել է Ղալումյանը։ Հարցին, թե արդյոք գործը կարող է հասնել ծեծկռտուքի, պատգամավորը հաստատել է, որ լարվածություն կա, բայց ինքն ու իր գործընկերներն ամեն ինչ անելու են, որպեսզի 9-րդ գումարման խորհրդարանը դառնա լավագույնը։ Միաժամանակ նա ընդդիմությանը մեղադրել է կոռեկտության նորմերը խախտելու մեջ, վստահեցրել, որ «ՔՊ» ներկայացուցիչներն իրենք երբեք առաջինը չեն սկսել, միայն պատասխանել են, որ հանդուրժող են և ընդդիմությանը պատասխանում են հենց իրենց ոճով։ Ճշտող հարցին, թե արդյոք Փաշինյանն է իրենց կարգադրել զսպվածություն ցուցաբերել, Ղալումյանը վստահեցրել է, որ «դա մեր էթիկայի մասն է․ մենք չենք «որոշել այդպիսին լինել», մենք այդպիսին ենք մեր էությամբ»։

Խմբակցությունում Ղալումյանի գործընկեր Վահագն Ալեքսանյանն էլ այնքան էլ հակված չի եղել մամուլի հետ շփմանը։ Դահլիճում տիրող լարվածության մասին հարցին նա պատասխանել է հարցով՝ ի՞նչ լարվածություն։ Պատգամավորը սկսել է դժգոհել վերնագրերից, ապա նաև բուն հարցերից։ «Վստահեցնում եմ՝ եթե ցանկանամ որևէ բան ասել, չեմ սպասի, ինքս կարտահայտվեմ»,- նյարդայնացած հայտարարել է Ալեքսանյանը։

Արման Եղոյանը, ընդհակառակը, շփվելու պատրաստակամություն է հայտնել։ Հարցին, թե արդյոք իշխող կուսակցությունը զսպելու է իր «պոետներին», Եղոյանը նշել է, որ ամեն ինչ լինելու է համաչափ։ «Եթե անցնենք պոեզիայի ժամին, կլինի պոեզիա, եթե արձակի՝ ուրեմն արձակ։ Եթե դրամա է՝ դրամա»,- հայտարարել է Եղոյանը։ Ճշտող հարցին, թե արդյոք առաջնորդվելու են ըստ իրավիճակի, նա նշել է, որ «ամեն ինչ ինչպես կյանքում է»։ «Իսկ դուք ինչպե՞ս եք վարվում․ անկախ իրավիճակից նույն բա՞նն եք անում»,- հետաքրքրվել է պատգամավորը՝ կոչ անելով չմտահոգվել կոռեկտության սահմանները խախտելու առնչությամբ․ իրավիճակը, նրա խոսքով, կարող է «մոտենալ սահմանների խախտմանը, հեռանալ, և մամուլը միշտ հրապարակումների համար նյութ կունենա»։ Ավելին, Եղոյանը խոստացել է նյութի դեֆիցիտի դեպքում ինքնուրույն գեներացնել այն։

Հակոբ Սիմիդյանն էլ վստահեցրել է, որ իր վրա խաղաղարար առաքելություն դրված չէ։ «Պարզապես փորձում եմ լիցքաթափել մթնոլորտը, կարծում եմ՝ ճիշտ եմ վարվում»,- պարզաբանել է պատգամավորը։ Դահլիճում վերը նկարագրված դեպքերից հետո ԱԺ փոխնախագահի կաբինետ այցելելու նպատակի մասին հարցին Սիմիդյանը պատասխանել է, որ Ռուբինյանին հետաքրքրում էր իր կարծիքը։ «Ես այն հայտնել եմ․ ես կողմ եմ, որ դահլիճում տեղի ունենան բովանդակային քննարկումներ՝ համապատասխան միջավայրում։ Եվ ինքս ամեն ինչ կանեմ դրա համար»։ Այնուամենայնիվ, եթե, միևնույն է, լարվածություն առաջանա, Սիմիդյանը պատրաստ է իրավիճակի նկատմամբ համաչափ քայլեր կատարել, բայց, այնուամենայնիվ, հույս ունի, որ կոռեկտության նորմերը կպահպանվեն։