ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի կառավարության գործողությունները զուրկ են տրամաբանությունից, քանի որ իշխանությունները չեն կատարում պարտավորությունները և միևնույն ժամանակ իրավական քայլեր չեն ձեռնարկում կազմակերպությունից դե յուրե դուրս գալու ուղղությամբ։ Օգոստոսի 17-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ մեկնաբանելով վճարումները չկատարելու պատճառով Երևանի ձայնի իրավունքի հնարավոր կորստի վերաբերյալ ՀԱՊԿ ներկայացուցիչների հայտարարությունները։

Պատգամավորի խոսքով՝ հենց Հայաստանի գործող իշխանություններն են ճգնաժամ ստեղծել դաշինքի հետ հարաբերություններում՝ սկսած գլխավոր քարտուղարին հետ կանչելուց մինչև 2022 թվականի սեպտեմբերյան դեպքերի ժամանակ կապի տապալումը։ «Հայաստանի իշխանությունները լիակատար պարտություն են կրել դիվանագիտական ճակատում։ 2022 թվականին, երբ Ղազախստանը դիմեց ՀԱՊԿ-ին, Նիկոլ Փաշինյանը, որպես նախագահող, մեկ գիշերվա ընթացքում օպերատիվորեն կազմակերպեց զորքերի ուղարկումը։ Սակայն, երբ ինքը՝ Հայաստանը դիմեց, Փաշինյանը գոհունակություն հայտնեց նիստի արդյունքներից, իսկ հետո երկրի իշխանությունները, ըստ էության, հրաժարվեցին ՀԱՊԿ ժամանած գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ շփումներից․ նրան չընդունեցին ոչ վարչապետը, ոչ արտգործնախարարը, ոչ էլ պաշտպանության նախարարը»,- հիշեցրել է պատգամավորը։

Ղազարյանն ընդգծել է, որ իշխանությունների ընթացիկ քայլերը ստեղծում են ոչ լիարժեք ու անորոշ իրավիճակ, որում երկիրը չի օգտագործում կառույցի հնարավորությունները, բայց և պաշտոնապես դուրս չի գալիս դրանից։ «Եթե իշխանությունները դժգոհ են ՀԱՊԿ-ից և համարում են, որ Կազմակերպությունը չի ճանաչում սահմանները, տրամաբանական հարց է առաջանում․ ինչո՞ւ դուրս գալու պաշտոնական դիմում չեն ներկայացնում։ Փոխարենը երկիրը հայտնվել է անհասկանալի կարգավիճակում․ պարտավորությունները չեն կատարվում, անդամավճարները չեն վճարվում, իսկ կոնկրետ իրավական քայլեր չեն ձեռնարկվում։ Հայաստանի իշխանությունները պարզապես փակուղի են մտցրել ռազմավարական կառույցների հետ հարաբերությունները»,- եզրափակել է Էդգար Ղազարյանը։