Մենք ցանկացած թեկնածուի լսում ենք և որևէ որոշում չունենք՝ ում ենք ընտրելու, ում չենք ընտրելու, մենք մանրակրկիտ իրենց դիրքորոշումները կոնկրետ ոլորտային հանձնաժողովի հետ կապված փորձում ենք ճշգրտել և հետագայում նաև քվեարկության արդյունքում մեր ֆրակցիայի նիստում կորոշենք, թե որ թեկնածուին կողմ կքվեարկենք։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 18–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Լիլիթ Մինասյանը՝ անդրադառնալով նրան, թե արդյոք ՔՊ–ն կողմ կքվեարկի հանձնաժողովների նախագահների պաշտոններում ընդդիմադիր թեկնածուներին։

Դիտարկմանը, որ ՔՊ–ականների ելույթներից, հարցերից տպավորություն է, որ մտադիր չեն ընդդիմադիրներին ընտրել, Մինասյանն ասաց. «Ցանկացած թեկնածուի վերաբերյալ պետք է լինի քննարկում և կոնսենսուսային դիրքորոշում ֆրակցիայում։ Մենք այդպես ենք որոշում ներկայացնում՝  դեմ, կողմ, կարծիքները լսում ենք, վերջում քվեարկում ենք»։

Լիլիթ Մինասյանի խոսքով՝ ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընդդիմադիր թեկնածուի ընտրությունը իրենց պարտականությունը չէ, այլ ցանկության հարց է.  «Մենք երազել ենք ընդիմություն ունենալ, որ գա Ազգային ժողով աշխատի, 5 հինգ տարի մենք չենք տեսել ընդիմություն, մենք ուզում ենք, որ այդ հակադրությունը լինի մեր մեզ ու գաղափարական հակադրություն, ոչ թե այդ պաթոսային, այդ ճղճիմ խոսակցությունները, որ մենք լսել ենք այս տարիներում ընթացքում, այլ լինի հստակ, թիրախային, նախագծերի շուրջ, կոնկրետ հարցերի շուրջ, կոնկրետ դրվագներում, ոչ թե էլի գանք, իրար «բոշա- փչացած» ասելու խոսույթը շարունակենք ԱԺ-ում»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը։