Մենք նոր լսեցինք՝ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ պետությունը պարտավոր չի Վարդաշենի վթարային հանրակացարանների մասով ժողովրդին տնով ապահովելու, ինչ էլ տալիս ենք, պետք է գոհ լինեն։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 20–ին, կառավարության դիմաց լրագրողներին հայտնեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

«Այսինքն ի՞նչ է նշանակում, 20 000 դոլարով մենք պիտի կարողանանք տուն առնե՞նք։ Եթե կարում են իրենք այդ 20000-ը տան, թող այդ 20000-ի փոխարեն, այդ տները իրենք առնեն, տան մեզ, մենք էլ գնանք բոլորով բնակվենք։  Իսկ ո՞վ է ասել, որ պետությունը պարտավոր չի։ Բա այսքան մարդը, որ աշխատում է, պետությանը հարկ է վճարում, եթե մարդիկ կարողանային իրենք իրենց գումարներով տուն գնել, վարկ վերցնել, իսկ ո՞վ ասաց, որ այսքան մարդուն վարկ են տրամադրելու։

Երկրորդը, եթե վարկ կարողանային վերցնեին, հենա կվերցնեին, տունը կառնեին, ինչի՞ էինք գալիս այստեղ, ոստիկանների հետ բախումներ ունենում։ Այդպես չի լինում, յուրաքանչյուր քաղաքացու կյանքի համար պարտավոր է պետությունը։

Մեր պահանջը մեկն է, որ մեզ տան բնակարան, թող իրենք իրենց ասած գումարով տուն առնեն, տան, մենք ուրիշ ավել բան չենք ուզում։ Որտեղ կառնեն, Էրեբունի մասիվում, թե նորից Վարդաշենում, Աջափնյակում, ես չգիտեմ։ Թող չորրորդ գյուղում առնեն, կայարան կառնեն, որ մասում ուզում են, Բայց իրենց ասած գումարը չենք ուզում, թող չտան էդ գումարը, տունը թող տան։

Երեք տարի քնացրեցին, պարոն Ավինյանը մեզ խոստացավ, որ մի տարի համբերեք, մինչև ձեր բնակարանի հարցը կլուծվի։ Արդեն երեք տարի է անցել, հարցը չի լուծվել։ Եթե պիտի հարցը լուծվեր այս ձևով, թող միանգամից սկզբից ասեր, որ ձեզ տալու ենք շատ չնչին գումար, գնացեք ձեր գլխի ճարը տեսեք, ես էլ այն ժամանակ իմ տունը ավելի թանկ կծախեի, ավելի հարմար պայմաններով։ Այսքան պայքարից հետո իրենք պարտավոր են ուղղակի մեզ բնակարաններով ապահովեն»,–ասաց նա։

Բնակիչը նաև նկատեց, որ այդ 20 հազար դոլարն էլ առձեռն չեն տալիս, սերտիֆիկատ են տալիս, որը 4 ամիս ժամկետով է, ու եթե այդ ընթացքում բնակարան չգտնեն, ինչ պետք է անեն։

«Մեզ մնացել է մինչև սեպտեմբերի 1–ը ժամանակ, եթե քաղաքապետարանը մեզ ուղարկեց ծանուցագրերը ու մենք դրա տակ ստորագրեցինք, վերջ, մենք հայտնվում ենք փողոցում, ո՞նց ենք անելու։ Մենք էլ չգիտենք՝ ինչ ենք անելու։

Այդքան ասում են՝ նախկիններ, բայց այդ նախկինների ժամանակ վթարային շենքերի բնակիչներին ապահովել են բնակարաններով։ Այդ ո՞նց եղավ, որ նույն Աջափնյակում կարողանում են բնակարանով ապահովել, Վարդաշենում չեն կարողանում։ Վարդաշենում ընդամենը 180 բնակիչ է։

Ծառուկյանից քանի միլիարդ են խլել, պետականացրել են, թող դրանով բարեգործություն անեին, օգտագործեին այս բնակիչների վրա»,–ասաց նա՝ հայտարարելով, որ չեն ստորագրելու իրենց առաջարկվող թղթերը։