Նախօրեին ավտովթարի հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Սուրեն Վարդանյանի հարևանները բազմաթիվ հարցեր ունեն տեղի ունեցածի հանգամանքների վերաբերյալ։ Ձորաղբյուրի բնակիչների համար անհասկանալի է, թե ինչու զինծառայողները երեկոյան այդ ժամին դուրս են եղել զորամասի տարածքից։
«Օրենք գոյություն չունի՞, ժամը 9-ին զինվորն ի՞նչ գործ ունի, որ հելնի վազի։ Իրենց անվանականչի ժամն ա, իրավունք չունեն այդ ժամին փողոցում լինեն։ Մի հատ էլ մեքենան գար, խփեր իրենց։ Պատկան մարմինները պիտի պատասխան տան»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ձորաղբյուրի բնակիչ Սոնա Եղոյանը, որի թոռնիկը զոհված Սուրեն Վարդանյանի հետ նույն դասարանում էր սովորում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օգոստոսի 19-ին ժամը 21:00-ին Ճամբարակ տանող ճանապարհին (Հայաստանի Գեղարքունիքի մարզ) ԳԱԶ-53 բեռնատարի վարորդը վրաերթի է ենթարկել զինծառայողների մի խմբի։ Նրանցից մեկը մահացել է տեղում, վեցին հոսպիտալացրել են։











