Մայիսի 20-26-ին Եվրոպայի ավելի քան 40 երկրների հանրային հեռուստաալիքները կսկսեն «Եվրատեսիլ-2012»-ի հեռարձակումը Բաքվի` Կասպից ծովի ափին վերջերս կառուցված Baku Crystal Hall պալատից:
Մայիսի 22-ին բեմ դուրս կգան Ռուսաստանի «Բոււրանովյան տատիկները»` Party for Everybody երգը մրցույթի առաջին կիսաեզրափակչին կատարելու համար:
Այս տարի մրցույթին 42 երկիր է մասնակցում, եզրափակչում կպայքարեն նրանցից 26-ը: Երկու կիսաեզրափակչից յուրաքանչյուրին մասնակցում են 18 երկրների մասնակիցներ, որոնցից յուրաքանչյուրում տասը մասնակից կանցնի եզրափակիչ: «Բոււրանովյան տատիկները» հանդես կգան առաջին կիսաեզրափակչում` մայիսի 22-ին, 14 համարի ներքո:
Վեց երկրներ ավտոմատ կերպով անցնում են եզրափակիչ: Դա «մեծ հնգյակն» է (Եվրապական հեռարձակողների միության հիմնական հովանավորները` Ֆրանսիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Իսպանիան), ինչպես նաեւ նախորդ տարվա հաղթող Ադրբեջանը:
Հաղթողը կորոշվի հեռուստադիտողների քվեարկությամբ եւ ժյուրիի գնահատականով (50%- 50%): Այս տարվա կարգախոսն է` «Վառիր քո կրակը»:
Ամեն տարի մրցույթի երկրպագուները նաեւ վատագույն երգն են ընտրում: Այս տարի դրա հաղթողը Սան Մարինոն է: Երգչուհի Վալենտինա Մոնետտոն երգում է «Երգ սոցիալական ցանցի մասին»: «Ուզո՞ւմ ես զբաղվել կիբերսեքսով: Արի իմ տուն եւ մկնիկով կտտացրու ինձ», - բնավ չկարմրելով երգում է աղջիկը, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Թերթը YouTube-ում դիտումների քանակից ելնելով վարկանիշային ցուցակ է կազմել, որտեղ մեծ տարբերությամբ առաջատարն է Ռուսաստանը:
Ռուսաստան -1,7 մլն
Մեծ Բրիտանիա -0,7 մլն
Ադրբեջան - 0,6 մլն
Խորվաթիա, Գերմանիա - 0,5 մլն
Շվեդիա -0,4 մլն
Բուքմեյքերները միաձայն կարծում են, որ առաջին տեղի հավակնորդներից մեկը Շվեդիայի 28-ամյա մասնակից Լորինն է:
«Եվրատեսիլի» ամենահայտնի մասնակիցը Էնհելբերտ Համպերդնիկն է: Նրա կարիերայի գագաթնակետը նախորդ դարի 70-ականներն էին, բայց նա մինչ օրս ակտիվորեն ալբոմներ է թողարկում եւ շրջագայում:











