Արսեն Թորոսյանի հետ մեր հարաբերությունները շատ հարթ են։ անձնական որևէ լարվածություն երբևէ չի եղել, եղել է փոխադարձ շատ սուր քննադատություն։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 21–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։

«Երբ ընդդիմությունը մեզ չի քննադատում, կա հավանականություն, որ մենք կլճանանք. իրար գովելուց, միայն և միայն դրականը քննարկելուց որևէ մեկը չի շահի: Սկզբնական շրջանում այդ պատասխանատվությունը կարծես բոլորս վերցրել էինք մեզ վրա, փոխադարձ բոլորս իրար քննադատում էինք, քննարկում էինք: աԱյսօր, համենայնդեպս, ես շատ լիահույս եմ, որ ունենք ընդդիմություն, որը պատրաստ է թեմատիկ քննադատության: Չգիտեմ՝ ինչքան կտևի սա, բայց սա ինձ միայն ուրախացնում է:

Բոլոր այն խնդիրները, որոնց հետ կապված ժամանակ չենք ունեցել, երկրորդական ենք համարել, ավելի մեծ  խնդիրների վրա ենք կենտրոնացել, այսօր՝ 9-րդ գումարման ԱԺ-ում (8-րդում չի եղել, եթե հիշում եք), նրանք խոշորացույցով բոլոր խնդիրները վեր են հանում, և այդ խնդիրների շուրջ քննարկում ենք կազմակերպում, և այս դեպքում մենք իրար ընդդիմություն ներկայանալու կարիք այլևս չունենք:

Ընդհակառակը, մենք պետք է միավորվենք ու փորձենք և՛ ընդդիմության հարցերին պատասխանել, և՛ վեր հանած խնդիրներին, որոնց մեջ լինում են նաև օբյեկտիվ խնդիրներ, և զբաղվենք դրանց լուծմամբ։

Այստեղ անձնական լարվածություն առանձնապես չի եղել, այո, առողջապահության և սոցիալական ոլորտները խաչվում են, և շատ տեղերում դրանք այսպես շատ նույն գծի մեջ են գնում և առանց համագործակցության դա հնարավոր չի լինում»,- ասաց պատգամավորը:

Հիշեցմանը, որ այսօր Վեհափառ հայրապետի ծննդյան օրն է, Լուիսնե Բադալյանն ասաց. «Ում ծննդյան օրն էլ լինի, ես կմաղթեմ քաջ առողջություն և երկար տարիների կյանք»։