Ես այս հարցին վերաբերվում եմ որպես հավատացյալ ծխական Հայ առաքելական սուրբ եկեղեցու անդամ, որը խնդիր է տեսնում հոգևոր կյանքի քայքայման մեջ։ Այս մասին օգոստոսի 24-ին Ազգային ժողովի նիստում՝ Կառավարության հնգամյա ծրագրի քննարկման ժամանակ, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Եկեղեցու պաշտպանությամբ զբաղվում են մարդիկ, որոնք «նույնիսկ «Հայր մեր» աղոթքը չգիտեն»։ Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ ՀԱԵ-ում գոյություն ունեն «խավեր»։
Ի պատասխան՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը հայտարարել է, որ տեղի ունեցող ամեն ինչն ունի բացառապես քաղաքական հիմք։ Նա, մասնավորապես, նշել է, որ սա ներառված է Կառավարության ծրագրում և պարունակում է հակասահմանադրական տարրեր։
«Եկեղեցու վրա հարձակումները սկսվեցին անմիջապես այն բանից հետո, երբ կաթողիկոսը Ժնևում բարձրաձայնեց Լեռնային Ղարաբաղի հարցը, ինչպես նաև այն բանից հետո, երբ ժամերգությունների ընթացքում հոգևորականները սկսեցին հիշատակել Լեռնային Ղարաբաղի մասին», - նկատել է ընդդիմադիր պատգամավորը։
Փաշինյանն, իր հերթին, հայտարարել է, որ Եկեղեցին չպետք է միջամտի քաղաքականությանը։ «Երբ անցնում ես այդ սահմանը, հետդարձ այլևս չկա... Եկեղեցու ղեկավարների մեծ մասը քաղաքական կուսակցության անդամներ են», - ասել է Կառավարության ղեկավարը։
Վարչապետը նաև հայտարարել է, որ կաթողիկոսը երեխա ունի և խախտել է իր տված ուխտը, սակայն որևէ ապացույց չի ներկայացրել։











