Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նրա որդի Լևոն Քոչարյանի և նրանց հետ կապված ընկերությունների ղեկավարների տներում խուզարկությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուղիղ ցուցումների անմիջական հետևանքն են։ Այս մասին օգոստոսի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Նա ընդգծել է, որ Ազգային անվտանգության ծառայության և Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական գործողությունները ակնհայտ պատասխան էին երեկ խորհրդարանում տեղի ունեցած բանավոր վիճաբանությանը «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։

«Երբ կա հետապնդում իրականացնելու քաղաքական որոշում, համապատասխան հոդվածը անպայման կգտնվի։ Նախօրեին Փաշինյանը հենց Ազգային ժողովի ամբիոնից հրապարակային ցուցումներ էր տալիս ուժային և իրավապահ կառույցներին։ Այստեղ որևէ անակնկալ չկա, մենք անմիջապես արձանագրեցինք, որ նրա ելույթից հետո հետևողականորեն սկսվեցին ուժային գործողությունները։ «Ժողովրդավարության բաստիոնում», ինչպես իրենք են իրենց անվանում, կառավարության ղեկավարը ուղիղ եթերում դատավորներին հրահանգում է բավարարել կալանքների վերաբերյալ բոլոր միջնորդությունները», - նշել է Խամոյանը։

Մեկնաբանելով Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունը՝ Քոչարյանի նախագահության տարիներին պետական գույքի մասնավորեցման հետ կապված գործի քննության մասին, պատգամավորը կոչ է արել չփնտրել իրավական ենթատեքստ գերատեսչությունների հաղորդագրություններում։ «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, երևում է, պարզապես նախանձել է Քննչական կոմիտեի ղեկավարի «վաստակներին» և այժմ փորձում է աչքի ընկնել Փաշինյանի առաջ։ Քոչարյանի ընտանիքին տարիներ շարունակ փորձում են վախեցնել բռնաճնշումներով, սակայն Ռոբերտ Քոչարյանը դեռ 2018 թվականին վերադարձավ երկիր՝ հրաշալի հասկանալով իշխանությունների մտադրությունները, և շարունակեց պայքարը։ Ոչ մի խուզարկություն ու ճնշում նրան չեն ստիպի նահանջել։ Այսօր Հայաստանում քաղաքական հետապնդումների են ենթարկվում բոլորը՝ նախկին նախագահներից մինչև ձմերուկ վաճառողներ՝ միայն իշխանությունների կուրսի հետ չհամաձայնելու համար», - եզրափակել է Ագնեսա Խամոյանը։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր առավոտյան 07:00-ի սահմաններում իրավապահները ներխուժել են ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն, իսկ Ռոբերտ Քոչարյանին քննչական մարմինները տեղափոխել են Հակակոռուպցիոն Կոմիտե: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են։

Բացի այդ, վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը: 

Քրեական վարույթի շրջանակում քննչական և վարութային գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում, տնօրենների բնակարաններում։ Այս ընկերություններում Քոչարյան ընտանիքը բաժնեմասեր ունի։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։