Գյուղատնտեսական տնտեսությունների համար բերքի պահպանումը, տեխնիկայի հասանելիությունն ու էներգիայի ծախսերը հաճախ նույնքան կարևոր խնդիրներ են, որքան բերք ստանալը։ Շիրակի և Տավուշի մարզերի խոցելի համայնքներում այս խնդիրների լուծմանն է ուղղված Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող ծրագիրը, որի շրջանակում գյուղացիներին տրամադրվում են գյուղտեխնիկա, սառնարաններ և տնկիներ։

Ծրագրի 235 շահառուներից մեկը Շիրակի մարզի Ազատան համայնքի բնակիչ Արման Ոսկանյանն է։ Նրա ընտանիքի հիմնական եկամտի աղբյուրը գյուղատնտեսությունն է։ Նոր տեխնիկան, Արմանի խոսքով, կրճատել է աշխատանքների վրա ծախսվող ժամանակը և հեշտացրել տնտեսության կառավարումը։

«Ավելի հեշտ, ավելի արագ, ավելի արդյունավետ։ Տեխնիկան ժամանակ է խնայում, հեշտացրել է մեր գործը»,- ասում է Արմանը։
Ընտանիքին տրամադրված սառնարանը ևս կարևոր լուծում է։ Կարտոֆիլի և տնկանյութի պահպանման համար նախկինում համապատասխան պայմաններ չկային, ինչի հետևանքով բերքի մի մասը կարող էր փչանալ կամ կորցնել որակը։ Այժմ հնարավոր է պահպանել կայուն ջերմաստիճան և բերքը իրացնել ավելի հարմար ժամանակահատվածում։

Նույն հնարավորությունն է ստացել Հոռոմ գյուղի բնակչուհի Ասյա Մարգարյանը։ Չորս երեխաների մայրն ընտանիքի հետ զբաղվում է այգեգործությամբ և նախատեսում է սառնարանում պահել այգու սեզոնային բերքը՝ այդ թվում բալն ու ազնվամորին։

«Հիմա արդեն բերքը կպահենք և կվաճառենք ավելի ուշ՝ երևի, ավելի բարձր գնով»,- ասում է Ասյան։
«Ծրագիրը իրականացվում է Տավուշի և Շիրակի մարզերի կլիմայի փոփոխության նկատմամբ առավել խոցելի համայնքներում և միտված է տվյալ փոքր գյուղացիական տնտեսությունների դիմակայունության, ինչպես նաև պարենային անվտանգության և եկամուտների բարձրացմանը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից»,–ասում է ԱԶԲ Հայաստանյան մշտական առաքելության ծրագրի համաղեկավար Եվա Դանիելյանը՝ նշելով, որ ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը շուրջ 3,53 միլիոն դոլար է։

Ծրագրի ավարտը նախատեսվում է 2027 թվականի հունիսի 30-ին։
ԱԶԲ ներկայացուցչի խոսքով, նախաձեռնության մեկ այլ բաղադրիչով առնվազն 10 բնակավայրում կտեղադրվեն արևային կայաններ։ Դրանց միջոցով նախատեսվում է նվազեցնել համայնքների էներգետիկ ծախսերը և խնայված միջոցներն ուղղել գյուղատնտեսական ծրագրերին։











