Ես անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ այս չորս շաբաթների ընթացքում ես սպասել եմ Սասուն Միքայելյանի ելույթին, ես սպասել եմ, որ ինքը գա ու այս ամբիոնից պատմի, նկարագրի, թե ինքը ինչ է զգացել, երբ Նիկոլ Փաշինյանը՝ ձեր քաղաքական թիմի առաջնորդը հայտարարել է, որ Ղարաբաղյան շարժումը բեռ է, թակարդ է, թոկ է, որ Հայաստանի պետականությանն ու ապագային ապագան զրոյացնելու նախագիծ է։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 27–ին, ԱԺ–ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Ես անկեղծորեն ցանկացել եմ լսել Սասուն Միքայելյանին, առաջին պատերազմի մասնակից, Երկրապահի նախագահ, կամանդիրին եմ ուզեցել լսեմ։ Եվ Սասուն Միքայելյանի առաջին ելույթն ինչի մասին էր՝ «հոկտեմբերի 27-ի» ողբերգության հերթական անգամ շահարկման։

Այստեղ տեսարաններ նկարագրեց պարոն Միքայելյանը, իմ ավագ գործընկերները ասեցին, որ անգամ դահլիճում չի եղել, գիտե՞ք ուր է եղել, ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությանն է եղել։

Բայց մի բանի մասին չխոսեց, այս ցուցակի մասին ինչի՞ չխոսեց, պարոն Միքայելյան, այս ի՞նչ ցուցակ է, պարոն Քոչարյան»,–ասաց նա՝ ցուցադրելով այն ցուցակը, որը հոկտեմբերի 27–ի ողբերգությունից հետո ներկայացվել էր նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որտեղ պահանջում էին պաշտոնների նշանակել Վահան Շիրխանյանին և Անդրանիկ Քոչարյանին։

«Վազգեն Սարգսյանը ձեր ընկերն էր, չէ՞, ամբողջ կյանքում Վազգեն Սարգսյանի անունը քաղաքական կապիտալի վերածեցիք, օգտագործեցիք, բայց երբ որ ձեր ընկերոջ մարմինը դեռ չէր սառել այս դահլիճում, դուք իր դիակի վրա առևտուր էիք անում, այո, դուք առևտուր էիք անում իր դիակի վրա, ու հետո ամբողջ կյանքում Վազգեն Սարգսյանի անունը օգտագործեցիք։ Բայց հետո ի՞նչ արեցիք դուք, Վազգեն Սարգսյանի անունը օգտագործելով, դուք իր կյանքի ամբողջ նպատակը տանուլ տվեցիք, վարի տվեցիք, պարոն Քոչարյան, պարոն Միքայելյան։

Վազգեն Սարգսյանի կյանքի ամբողջ նպատակը Արցախյան շարժումն էր, չէ՞, որը ձեր այսօրվա առաջնորդը բեռ ու թակարդ է համարում։ Ես անկեղծորեն ուզում եմ հասկանալ, Սասուն Միքայելյանը ի՞նչ է զգում, երբ ամեն անգամ Նիկոլ Փաշինյանը փորձում է հիմնավորել, որ մեր նահատակները անցյալի բեռ են խաղաղության դեմ։

Ինքը ի վերջո կամանդիրն է, թե՞ ՔՊ-ի Սասուն Միքայելյանն է։

Բայց այդ հարցերի պատասխանները չկան, Դուք տասնամյակներ շարունակ շահարկում եք Վազգեն Սարգսյանի անունը։ Նորից եմ ասում, երբ որ իր դիակը չէր սառել, դուք հեղաշրջում էիք ուզում անել։ Ասում է՝ «ցար ի բոգն» էր Ռոբերտ Քոչարյանը, այդ «ցար ի բոգի» առաջ պաշտոնները ձեր մեջ մեջ-մեջ էիք արել ու իշխանություն էիք ցանկանում վերցնել։

Պարոն Քոչարյանը այստեղ հետաքրքիր հարցադրումներ է անում, ասում է՝ այո, ես էլ պետք է հարցեր տամ դատախազին, ես էլ հարցեր ունեմ պարոն Քոչարյան, նույն հանձնաժողովում ենք լինելու։ Օրինակ, դուք ինչի՞ չեք հարցաքննվել այս տարիների ընթացքում, այս ցուցակով։ Դուք եք ութ տարի շարունակ շարկում հոկտեմբերի 27-ը ու ամեն առիթով փորձում մեղադրանքի սլաքները ուղղել Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Ես հուսով եմ, որ Սասուն Միքայելյանը այս ամբիոնից կպատասխանի, ինքը ի վերջո կամադիրն ա, թե՞ ՔՊ–ի Սասուն Միքայելյանը։