Բերման ենթարկվածներից մեկը եղբայրս է՝ Արմեն Մանուկյանը, մյուսը քրոջս աղջիկն է 22–ամյա Ալինա Մանուկյանը, որոնք ունեն առողջական խնդիրներ, Ավանում գրանցված են, հաշվառված են, երկրորդ կարգի հաշմանդամներ են, ես էլ ունեմ հաշմանդամություն։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Շենգավիթի բնակիչ Լիլիթ Մանուկյանը, որոնց տունը այսօր ոստիկաններն ու թաղապետարանի աշխատակիցները եկել էին տեխնիկայի օգնությամբ քանդելու։

«Մարդիկ չեն հաշվի առնում, որ դիմացը հիվանդ մարդիկ են, խփում են, հարձակվում են, ուզում ենք քանդել, վնասել։ Արմենը մեքենային հարվածեց, իրեն չկարողացավ կառավարել։ Ինքն արդեն 6–րդ երեխան ունի և ուզում են իր օջախը քանդել, Այդ պահին ո՞վ կկարողանար կառավարել իրեն։ Այդպես չի կարելի։

Ալինան էլ ունի երկու ամսական կրծքի երեխա, մայրն էլ հաշվառված է Ավանի հիվանդանոցում, որպես երկրորդ կարգի հիվանդ, դեղեր է խմում։ Մայրը ո՞նց պահի այդ երեխային, եթե երեխու մայրը կողքը չի։ Նրան Ալինան է պահում։ Իրեն բերման ենթարկեցին այն բանի համար, որ ճանապարհը փակել էր ու ագրեսիվ, վիրավորական բառեր էր հնչեցնում։ Ես զգուշացրի ոստիկանությանը, որ մարդը ունի առողջական խնդիր, խնդրում եմ հեռացեք։

Ես այսքան տանջվել եմ, չարչարվել եմ, արել եմ, դրել եմ, որ այսօրվա դրությամբ ինչ-որ մեկը գա, ձեռքը դնի մեր տան վրա՞։ Այդքան տարի չոլ է եղել այստեղ, ճահիճ ու ղամիշներ են եղել, ինչի՞ չեք այդ ժամանակ սարքել։ Պատրաստի տեղ եք տեսե՞լ։

30 տարի այստեղ եմ ապրել, իմ երեխեքը այստեղ են ծնվել ու մեծացել։ Ես առաջ այստեղ հող եմ ունեցել, մեր տները վերևն է եղել, եկել ենք, մշակել ենք, գնացել ենք։ Մենք մեր հողի գլխին ենք հիմա ապրում»,–ասաց Լիլիթը։

Հարցին՝ ե՞րբ են ասել, որ պետք է քանդեն տունը, նա պատասխանեց. «Մեզ ուրբաթ օրն են ասել, ես տանը չեմ եղել, մաման ասեց՝ մի քանի հոգի եկել են, ես, ճիշտն ասած, չհավատացի, մտածեցի՝ եկել, վախեցրել են, բայց այսօր մեր աչքով տեսանք, որ եկել էին քանդեն։

Այդքան մարդկանցով եկել էին, որովհետեւ մտավախություն ունեին, որ այստեղ հիվանդ մարդիկ են ապրում, բայց ինչքան էլ գան, ուզում են՝ սաղ աշխարհը բերեն, չեն կարող մեր դեմը։ Ես քրտինք եմ թափել, իմ երեխաների հետ զրոյից ստեղծել եմ, քարից հող եմ դարձրել, որ մշակվի, իմ երեխան կարողանա այդ հողից մի բան ուտի»։

Այդ լարված իրավիճակում վատացել է նաև Լիլիթ Մանուկյանի 16–ամյա դստեր ինքնազգացողությունը, շտապօգնություն են կանչել. «Հիմա նորմալ է, երբ տեսավ, որ հեռացան, հանգստացավ։ Իրենք հանգստացրին, գնացին, նորից հետ են գալու։ Բայց որ հետ գան, այս անգամ իրենք կարող է սաղ չգնան։

Մեզ ասում են՝ գնացեք սոցապ դիմեք, միգուցե տուն տան։ Սոցապ միլիոն անգամ ենք դիմել, 30 տարի է ապրում ենք, դիմում ենք, ոչ մի բան չի լինում։

Ես վարձով եմ ապրել, գերեզմանատանն եմ իմ երեխուս պահել, էնտեղ սենյակ եմ սարքել, գերեզմանոցի մեջ է իմ երեխես քայլել, եկել եմ այստեղ հող եմ դարձրել, դոմիկ եմ դրել կամաց-կամաց, խնդրել եմ՝ «Հույսի ավանը» աջակցել է։

Հիմա էս երեխեքը այս հոգեվիճակով ոնց պիտի սեպտեմբերի 1–ին գնան դպրոց»,–ասաց նա՝ հայտարարելով, որ մինչև մահ պայքարելու է, որ իրենց այստեղից չհանեն։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ դեռևս ուրբաթ օրը՝ օգոստոսի 28–ին թաղապետարանից եկել են և այդ տնակների բնակիչներին անակնկալ հայտնել, որ պետք է քանդեն տնակները, իսկ բնակիչները պետք է հեռանան այդ տարածքից, թեև նրանք 30 տարուց ավելի ապրում են այդ տնակներում։

Տնակները սեփականաշնորհված չեն, բնակիչների խոսքով, դրանք նվեր են ստացել բարերարներից, իրենք բարեկարգել են տարածքը, որ ժամանակին աղբանոց է եղել։ 

Տանը 5 անչափահաս երեխա կա, որից 2–ը՝ մինչև մեկ տարեկան։

Բնակիչները NEWS.am–ի հետ զույցում պատմեցին, որ իրենք հենց նույն օրը գնացել են Շենգավիթի թաղապետ Ռոմիկ Մխիթարյանի մոտ, վերջինս ասել է, որ հրահանգը վերևից է, ինքը ոչինչ չի կարող անել։ 

Արդեն այսօր Շենգավիթի թաղապետարանից եկել են, ոստիկանական մի մեծ խմբով։

Նշենք, որ այսօր հենց տրակտորն սկսել է աշխատել, բնակիչներից մի տարեց կին 2 ամսական թոռնուհուն վերցրել էր գիրկը և քարերով հարձակվել տրակտորի վրա։ Ոստիկանները հազիվ կարողացան նրան վնասազերծել, երեխային ձեռքից վերցնել և թույլ չտալ, որ վնաս հասցնի տեխնիկային, տեխնիկայի կողքը կանգնած մարդկանց, ինչպես նաև իր գրկին գտնվող երեխային։ 

Բնակիչները մանկասայլակներով փակել էին դեպի տնակներ տանող ճանապարհը ու չէին թողնում մոտենալ տներին։ Ամեն կողմից լսվում է երեխաների լացն ու գոչյունները։

Բնակիչներն ասում են, որ եթե նախապես՝ գոնե 2 ամիս առաջ պատշաճ իրենց տեղեկացրած լինեին, իրենք կփորձեին ինչ–որ բան անել, բայց մեկ օրվա ընթացքում հնարավորություն չեն ունեցել իրենց անչափահաս երեխաներին վերցնել, իրենց 30 տարվա իրերը հավաքել և այլ տեղ գտնել ապրելու։ Իրենց մի մասը հաշմանդամություն ունի, երեխաների մեջ էլ հաշմանդամություն ունեցողներ կան, ընտանիքում միայն մեկ հոգի է աշխատում։