Հայաստանը վարում է բազմաբևեռ արտաքին քաղաքականություն, որը մենք անվանում է հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականություն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1–ին, «ՇՀԿ+» գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե Հայաստանն ինչ ներդրում կարող է ունենալ բազմաբևեռ աշխարհի կառուցման գործում։
Նա, մասնավորապես, նշել է. «Այդ քաղաքականության իմաստը հետևյալն է, երբ աշխարհքաղաքական որևէ բևեռի ձգողական է ն այն աստիճանի է ծանրանում, որ կարող է քայքայել մեր անկախությունը, մենք ակտիվացնում ենք այս իրադրության համար բավարար ձգողականություն ունեցող մեկ այլ բևեռի հետ մեր հարաբերությունները՝ պահպանելու համար մեր հավասարակշռությունը ինքնիշխանության և անկախության բարդություններով լեցուն ճանապարհին։
Նման քաղաքականության հիմնական նպատակը ինքնիշխանությունը և անկախությունը պահպանելը և ուժեղացնելն է։ Եվ այս ռազմավարությունները մշակելիս եկել ենք եզրակացության, որ հնարավոր չէ անկախություն և ինքնիշխանություն ունենալ՝ ապրելով կոնֆլիկտի պայմաններում, և բազմաբևեռությունը այս իմաստով պետք է արտահայտվի առաջին հերթին այն տարածաշրջանում, որտեղ ապրում ես։
Սա է պատճառը, որ խորացնելով մեր բարեկամական հարաբերությունները հարևան Իրանի և Վրաստանի հետ, մենք գնում ենք մեր մյուս երկու հարևանների, Ադրբեջանի և Թուրքիայի հետ միջպետական հարաբերություններ կառուցելու ճանապարհով, և սա, իհարկե, առավել առարկայական է դառնում նախորդ տարվա օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ և մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության շնորհիվ։
Հիմա մենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ աշխատում ենք մեր միջպետական հաղորդակցությունները բացելու ուղղությամբ, այդ թվում ԹՐԻՓՓ նախագծի իրագործմամբ, որի գործնականացման աշխատանքները գետնի վրա կսկսվեն առաջիկա ամիսներին։
Սա տրանսպորտային նոր հնարավորություններ կբացվի ոչ միայն արևելքից արևմուտք, այսինքն Կասպից ծովից դեպի Միջերկրական ծով, այլև հարավից հյուսիս՝ Պարսից ծոցը կապելով Սև ծովին։ Այնպես որ նախագծի իրագործումից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները»,–ասաց նա։
Վերադառնալով բազմաբևեռ քաղաքականության, Փաշինյանը հայտարարեց. «Հայաստանը վերջին տարիներին ռազմավարական հարաբերություններ է հաստատում Վրաստանի, Չինաստանի, Ղազախստանի, ԱՄՆ–ի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Միացյալ թագավորության, Բուլղարիայի, Խորվաթիայի, Լիտվայի, Եվրոպական Միության հետ։ Հնդկաստանի և Իրանի հետ մեր հարաբերությունները փաստացի ռազմավարական բնույթ ունեն, հիմա մենք աշխատում ենք դրա փաստաթղթային ձևակերպման վրա։
Հայաստանի Հանրապետությունը կիսում է աշխարհի բազմաբևեռ տեսլականը։ Ընդգծելով ՄԱԿ–ի առանցքային դերը բազմաբևեռ աշխարհի կառուցման գործին՝ ուզում եմ տեղեկացնել, որ սույն թվի հոկտեմբերին ՄԱԿի հովանի ներքո Հայաստանում տեղի է ունենալու կենսաբազմազանության COP 17 համաժողովը և բոլորիդ հրավիրում եմ մասնակցել աշխարհի բազմաբևեռություն ընդգծող այդ կարևոր միջոցառմանը»:











