Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է քաղաքացիներին հնարավորություն տան կողմնորոշվելու Եվրոպական միությանն անդամակցելու հարցում, ինչից հետո թեման կարելի է փակված համարել: Այս մասին ՌԴ ղեկավարն ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Դե ուրեմն անցկացրե՛ք այն, ու թեման փակենք, վերջ: Ամենապարզ ճանապարհը մարդկանց դիմելն է, հարցնելը՝ «ի՞նչ եք ուզում»․ վերջ», — ասել է Պուտինը՝ ընդգծելով, որ արտաքին քաղաքական և տնտեսական հետագա ուղեգծի վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի՝ հաշվի առնելով հայ ժողովրդի ընտրությունը:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահը չի համաձայնել Փաշինյանի այն պնդման հետ, թե Հայաստանը չի հայտարարել Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու մասին: Պուտինի խոսքով՝ մեկ այլ տնտեսական կազմակերպությանն անդամակցելու ընթացակարգ սկսելու մասին օրենքի ընդունումը փաստացի նշանակում է դուրս գալ ԵԱՏՄ-ից, քանի որ երկու կառույցներին միաժամանակյա անդամակցությունն անհնար է:

«Հարգելի՛ Նիկոլ Վովաևիչ, մենք ձեզ հետ հիմա կբանավիճենք, ինձ համար միշտ էլ հետաքրքիր է ձեզ հետ քննարկումներ ունենալ ցանկացած թեմայով, այդ թվում՝ այս: Սակայն գլխավոր հարցում թույլ տվեք, այնուամենայնիվ, չհամաձայնել ձեզ հետ: Դուք ասացիք, թե չեք հայտարարել դուրս գալու մասին: Մեկ այլ տնտեսական կազմակերպությանն անդամակցելու ընթացակարգ սկսելու մասին օրենքի ընդունումը դե ֆակտո կերպով հայտարարություն է նշանակում մեր կառույցից դուրս գալու մասին», — ասել է Պուտինը:

«Միաժամանակ թե՛ այնտեղ, թե՛ այստեղ գտնվելն անհամատեղելի է, խնդիրը հենց դրանում է», — ընդգծել է Ռուսաստանի նախագահը:

Այդուհանդերձ, Պուտինը նշել է, որ Մոսկվան շահագրգռված է Երևանի հետ հարաբերությունների պահպանմամբ ու զարգացմամբ: «Նախևառաջ ընդգծեմ ամենակարևորը, ինչից էլ կուզեի սկսել. մենք միշտ հանդես ենք եկել և հանդես ենք գալիս Հայաստանի հետ բարեկամական, փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին՝ հենվելով ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների սկզբունքի վրա», — ասել է ՌԴ նախագահը:

«Դա բխում է հայ ժողովրդի բուն շահերից, Ռուսաստանի բուն շահերից», — հավելել է Պուտինը: