Արցախում ցեղասպանություն է իրականացվել, իսկ ցեղասպանության միջոցով խաղաղություն հաստատել հնարավոր չէ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2–ին, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը։
Ինչպես ընդգծել է պատգամավորը, սեպտեմբերի 2-ը՝ Արցախի անկախության օրը, մեր պատմության ամենաարժանապատիվ օրերից մեկն է, իրավունքների և արժանապատվության պաշտպանության, պետականության գիտակցման օր։ Ցավոք, այն մթագնել է Հայաստանի իշխանությունների անհավասարակշիռ արտաքին քաղաքականության հետևանքներով, հավելել է Գալստյանը։ Նա նշել է, որ, լինելով լավատես, համոզված է՝ չնայած իշխանությունների դավադիր մտադրություններին, Արցախի էջը որևէ մեկի ցանկությամբ չի կարող փակվել։
«Մենք չենք կարող այս էջը փակված համարել։ Չենք կարող համակերպվել ցեղասպանության հետևանքով ձևավորված իրականության հետ։ Միջազգային իրավունքով ամրագրված է արցախցիների վերադարձի իրավունքը։ Արցախցիներն ունեն վերադարձի բոլոր իրավունքները՝ չնայած իշխանությունների կոչերին և անցյալը մոռացության մատնելու քաղաքականությանը։ Ոչ մի պետություն չի կարող դադարել գոյություն ունենալ ինչ-որ մեկի ցանկությամբ։ Արժանապատիվ հայերի համար այս էջը փակված չէ»,- հայտարարել է Գալստյանը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել Բաքվում պահվող արցախյան ռազմաքաղաքական ղեկավարությանը վերադարձնելու համար՝ չնայած ՀՀ իշխանությունների լռությանը, և հասնել հայերի վերադարձին Լեռնային Ղարաբաղ։
Պատասխանելով հարցին, թե արդյոք նման կոչերը, ըստ Փաշինյանի ձևակերպման, հակամարտածին չեն, նա նկատել է, որ դրանք հորինված և քաղաքականությունից ու աշխարհաքաղաքականությունից հեռու հարցեր են։ «Արևմտյան Ադրբեջանի» հորինված թեզին չի կարելի հակադրել 3-հազարամյա պատմություն և մշակույթ ունեցող Արցախը․ այդ ժամանակ Ադրբեջանն ո՞ւր էր։
«Մենք պաշտպանելու ենք միջազգային իրավունքով ամրագրված՝ արցախահայության վերադարձի իրավունքները։ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով լեգիտիմացնում է իր պարտությունն ու բանակցություններ վարելու անկարողությունը»,- հայտարարել է Գալստյանը։
Նա նաև նշել է, որ Հայաստանում արցախցիներն ունեն իրավունքներ, որոնք անհրաժեշտ է կարգավորել օրենսդրորեն։ «Դա մեր հանձնաժողովի իրավասության շրջանակում է»,- նշել է պատգամավորը՝ հավաստիացնելով, որ ընդդիմադիր պատգամավորները օտարերկրյա գործընկերներին տեղեկացնելու են իրական իրավիճակի մասին։











