Բավական երկար ժամանակ Մոսկվան Հայաստանի գործող իշխանությունների հակառուսական հայտարարություններին արձագանքում էր հետևյալ ձևաչափով հայտարարություններով․ «Հայաստանի ժողովուրդը մեր բարեկամն է»։ Այսինքն՝ Ռուսաստանի իշխանությունները հստակ տարանջատում էին Հայաստանի ժողովրդին երկրի իշխանություններից՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ մեկնաբանելով երեկ Բիշքեկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։

«Նրանք չէին դիմում այնպիսի քայլերի, որոնք կարող էին բացասական սոցիալական, տնտեսական և ռազմաքաղաքական հետևանքներ ունենալ Հայաստանի շարքային բնակչության համար։ Այժմ, սակայն, հարցը ձևակերպված է այլ կերպ։ Ընդ որում՝ բավական հստակ։ Տղե՛րք, հայ ժողովուրդ, ես քեզ համարում էի իմ բարեկամն ու դաշնակիցը։ Ես չէի ուզում քեզ վնաս հասցնել։ Բայց դու գնացիր և ընտրեցիր հենց սրանց։ Այս մարդիկ, ըստ էության, քայքայում են մեր երկու երկրների միջև հարաբերությունները։ Այլևս չեմ ուզում ձեզ տարանջատել», - պարզաբանել է Մանուկյանը։