Բավականին երկար ժամանակ Մոսկվան Հայաստանի գործող իշխանությունների հակառուսական հայտարարություններին արձագանքում էր հետևյալ ձևաչափով՝ «Հայաստանի ժողովուրդը մեր բարեկամն է»։ Այսինքն՝ ռուսական իշխանությունները հստակ տարանջատում էին Հայաստանի ժողովրդին երկրի իշխանություններից՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ մեկնաբանելով երեկ Բիշքեկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։

«Նրանք չէին դիմում այնպիսի քայլերի, որոնք կարող էին բացասական սոցիալական, տնտեսական և ռազմաքաղաքական հետևանքներ ունենալ Հայաստանի շարքային բնակչության համար։ Այժմ հարցը ձևակերպված է այլ կերպ։ Ընդ որում՝ բավականին հստակ։ Տղաներ, հայ ժողովուրդ, ես քեզ համարում էի իմ բարեկամն ու դաշնակիցը։ Ես չէի ցանկանում քեզ վնաս հասցնել։ Բայց դու գնացիր և ընտրեցիր հենց սրանց։ Այս տղաները, ըստ էության, քայքայում են մեր երկու երկրների հարաբերությունները։ Այլևս չեմ ուզում ձեզ տարանջատել», - պարզաբանել է Մանուկյանը։