Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանության թիմը դիմել է ՄԻԵԴ՝ հրատապ միջոցներ ձեռնարկելու խնդրանքով։ Այդ մասին սեպտեմբերի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Գագիկ Խաչատրյանի փաստաբան Արա Ղազարյանը։ Հիշեցնենք, որ նախօրեին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը որոշում է կայացրել Գագիկ Խաչատրյանին 2 ամսով կալանավորելու մասին։ Կալանավորման միջնորդությունը բավարարվել է լուսաբացին, նիստը շարունակվել է ամբողջ գիշեր։
Իրավաբանը տեղեկացրել է, որ 2019 թվականից ՄԻԵԴ է ուղարկվել 2 դիմում․ առաջինը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով՝ խոշտանգումների արգելքի վերաբերյալ, իսկ 2024 թվականին, երբ Խաչատրյանի վիճակը վատթարացել է և սկսել են անդառնալի հետևանքներ առաջանալ, ուղարկվել է երկրորդ դիմումը, որը վերաբերում է կյանքի իրավունքին։ Դիմումները դե ֆակտո քննվում են միասին։ Անցած տարիների ընթացքում ուղարկվել են նաև մի քանի դիմումներ՝ հրատապ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։
«Մեկ ժամ առաջ ուղարկեցինք նոր դիմում՝ հրատապ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։ Հուսով ենք, որ ՄԻԵԴ-ը հաղորդակցություն կուղարկի Հայաստանի կառավարությանը»,- նշել է փաստաբանը՝ հիշեցնելով, որ եթե որոշումը չի կատարվում, արձանագրվում է կոնվենցիայի խախտում։ Փաստաբանը նաև արձանագրել է, որ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում, սկզբունքորեն, չկան ո՛չ հատուկ խնամքի աշխատակիցների հաստիքներ, ո՛չ էլ համապատասխան պայմաններ։ Այսպիսով, հաշմանդամություն ունեցող անձինք քրեակատարողական հիմնարկներում ամեն օր ենթարկվում են խոշտանգումների։
Փաստաբան Երեմ Սարգսյանը անդրադարձել է Խաչատրյանի կալանավորման ընթացակարգի ողբերգական մանրամասներին։ Տարեց, հիվանդ մարդուն տարել են քննչական մարմին, այնտեղից՝ հիվանդանոց, ապա՝ դատարան, որտեղ պահել են մինչև լուսաբաց։ Դատարանը մերժել է Խաչատրյանի բացակայությամբ նիստ անցկացնելու պաշտպանության միջնորդությունը։ Փաստաբանը հայտնել է, որ առողջական վիճակով պայմանավորված շարժունակության սահմանափակում ունեցող Խաչատրյանը հնարավորություն չի ունեցել ո՛չ սնվելու, ո՛չ զուգարանից օգտվելու։ Իսկ Խաչատրյանին դատարանի շենքի երկրորդ հարկ բարձրացնելը ինքնին խոշտանգում է եղել։ Այսօր առավոտյան Երեմ Սարգսյանը փորձել է հանդիպել իր պաշտպանյալին, սակայն դա չի հաջողվել․ առողջական վիճակի պատճառով Խաչատրյանին չեն կարողացել հասցնել տեսակցությունների սենյակ։ «Նա 24 ժամից ավելի չի կերել, դեղեր չի ընդունել, միզապարկի դատարկման տարան չի փոխվել»,- հայտնել է փաստաբանը։
Նա հիշեցրել է 7 տարվա վաղեմության իրադարձությունները, երբ 2019 թվականից Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել։ Խաչատրյանն ունի հիվանդությունների մի ամբողջ «փունջ»՝ սկսած ստենոզից մինչև շաքարային դիաբետ։ «Խաչատրյանը 2019 թվականին գտնվում էր Գերմանիայում, քննիչի մեկ զանգով եկավ և ներկայացավ քննչական մարմին»,- հիշեցրել է Սարգսյանը։ «Այդ ժամանակ Վճռաբեկ դատարանը հետաձգեց քննությունը՝ առողջապահության նախարարություն դիմելու համար։ Նախարար Արսեն Թորոսյանի հրամանով լավագույն բժիշկները անցկացրին կոնսիլիում, և բոլորը նշեցին, որ կա ստենոզ, և անհրաժեշտ է վիրահատություն, որը Հայաստանում հնարավոր չէ կատարել։ Դա էլ նրանց չբավարարեց, հրավիրեցին երկրորդ կոնսիլիում, որը հաստատեց արտերկրում վիրահատության անհրաժեշտությունը։ Սակայն Խաչատրյանին կրկին թույլ չտվեցին մեկնել, փոխարենը կալանավորեցին»,- նշել է Սարգսյանը։
Այնուհետև իրականացվել է նոր փորձաքննություն, հանձնաժողովը հաստատել է ստենոզը և մյուս հիվանդությունները, և կրկին Խաչատրյանին թույլ չի տրվել մեկնել վիրահատության։ ՄԻԵԴ դիմելուց հետո հապշտապ հայտնվել է եզրակացություն, թե արտերկրում վիրահատության անհրաժեշտություն չկա։ Այնուհետև, դատախազի միջնորդության հիման վրա, 2021 թվականին իրականացվել է նոր փորձաքննություն, և ստացվել է եզրակացություն, որ հիվանդությունը կա, վիրահատության անհրաժեշտությունը կա, բայց այն կարելի է կատարել Հայաստանում, եթե Գերմանիայից բժիշկ գա և վիրահատի։ Բժիշկը եկել է և կոնսիլիումի արդյունքներով հայտարարել, որ Հայաստանում անհրաժեշտ սարքավորում չկա՝ իմպլանտը հեռացնելու և նորը տեղադրելու համար, ուստի ռիսկերը չափազանց մեծ են։ Մինչդեռ Խաչատրյանին կրկին թույլ չեն տվել մեկնել վիրահատության։
Փաստաբանի խոսքով՝ շուրջ 13 անգամ Խաչատրյանին թույլ են տվել մեկնել Գերմանիա՝ բուժման նպատակով, սակայն հենց որ խնդրել են թույլատրել մեկնել վիրահատության, դատարանը մերժել է։ Ամեն անգամ Գագիկ Խաչատրյանը վերադարձել է ճիշտ ժամկետում։ Ոչ մի նիստ նրա առողջական վիճակի պատճառով չի հետաձգվել։ Հետո հանկարծ դատախազությունը որոշել է միջնորդել ելքի արգելք կիրառելու մասին, բուժումը դադարեցվել է, և Գագիկ Խաչատրյանն այլևս չի կարողացել մասնակցել նիստերին՝ վիճակի վատթարացման պատճառով։ Գործը փոխանցվել է Հակակոռուպցիոն դատարան։ Կրկին խնդրել են թույլ տալ մեկնել բուժման, և դատարանը եկել է այն եզրակացության, որ դա հնարավոր է։ 2025 թվականի ապրիլի 3-ին դատարանը թույլատրել է, իսկ ապրիլի 4-ին Խաչատրյանին նոր մեղադրանք են առաջադրել՝ միայն նրա համար, որպեսզի միջնորդեն ելքի արգելք կիրառել։ Կրկին փորձաքննություն է իրականացվել, որը արձանագրել է վիճակի վատթարացումը և արտերկրում վիրահատության անհրաժեշտությունը։ Քննչական մարմինն ու դատախազությունը, սա ընդունելով որպես հիմք մի գործով, հրաժարվել են ընդունել մյուսով՝ պատճառաբանելով, թե «գործերը տարբեր են»։ Դատարանը պարտավորեցրել է դա հիմք ընդունել նաև երկրորդ գործով։ Անցյալ և այս տարի իրականացվել են նոր փորձաքննություններ՝ օրենքի բոլոր հնարավոր խախտումներով, որոնք հանգել են այն եզրակացության, որ Խաչատրյանն առողջական խնդիրներ ունի, բայց վիրահատություն պետք չէ, կամ նույնիսկ եթե պետք է, այն կարելի է կատարել Հայաստանում։ Վերջին որոշումը ստացվել է մի քանի օր առաջ։
«Ստացվում է, որ 15-20 հայտնի բժիշկներ կարծում են, որ վիրահատություն է պետք, իսկ այստեղ պարզվում է, որ դրա անհրաժեշտությունը չկա։ Մենք ինքներս էլ պատվիրել ենք փորձաքննություն, և այն տվել է եզրակացություն, որ վիրահատություն է պետք, և Հայաստանում այն իրականացնել հնարավոր չէ»,- նշել է Սարգսյանը։
Նա հավելել է, որ սա անմարդկային վերաբերմունք է։ «Կա որոշակի հուզական ֆոն։ Դա մի կողմ թողնենք և հասկանանք՝ Հայաստանում նման վերաբերմունք սկզբունքորեն հնարավո՞ր է, թե՞ ոչ։ Նույնիսկ լավագույն խուցը հարմարեցված չէ հաշմանդամների համար»,- ընդգծել է փաստաբանը՝ հարց բարձրացնելով՝ ի՞նչն է խանգարում իրավապահներին, որ Գագիկ Խաչատրյանը մնա տանը, իսկ քննությունը շարունակվի։ Ինչո՞ւ ամեն րոպե կյանքի և առողջության համար ծայրահեղ լուրջ սպառնալիքներ ստեղծել։
Գագիկ Խաչատրյանի մոտ կա ֆունկցիոնալության 66 տոկոս կորուստ, նա ինքնուրույն քայլել չի կարող։ Քննչական մարմին ամեն այցելություն Խաչատրյանի համար խոշտանգում է։ Փաստաբանները կարծում են, որ այս ամենը արվում է Գագիկ Խաչատրյանին պատժելու և նվաստացնելու համար և ամենևին էլ չի հետապնդում որևէ իրավական նպատակ։











