Մենք այսօր պետք է հավաքված լինեինք Ստեփանակերտում և փոխադարձ շնորհավորեինք իրար Արցախի Հանրապետության անկախության 35 ամյակի կապակցությամբ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2–ին՝ Արցախի Հանրապետության 35–ամյակին նվիրված հանդիսավոր նիստում հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Մենք այսօր էլ շնորհավորում ենք իրար մեր հաղթանակների կապակցությամբ, Արցախի անկախության հիմնադրման կապակցությամբ, բայց շնորհավորում ենք ցավով, որովհետև մեր այդ հաղթանակները ոչնչացված են և ոչնչացված են շատ կոնկրետ մարդկանց կողմից։ Այն մարդկանց կողմից, որոնք այսօր փորձում են իրենց կատարած հանցագործությունը արդարացնել։ Դա Նիկոլ Փաշինյանի թիմն է, որը մի հանճարեղ գյուտ է արել. իրենց բերած պարտությունը, նվաստացումը արդարացնելու համար, կամ անգամ դա որպես հաղթանակ մատուցելու համար այսօր փորձում են վարկաբեկել ամեն ինչ՝ սկսած 88 թվականի շարժումից։
Եթե ինչոր մի լավ բան պատահել է հայ ժողովրդին, դա եղել է հենց այդ լուսավոր շարժումը, որը սկսվեց Ստեփանակերտում, որին հետո սատարեց ամբողջ Հայաստանի ժողովուրդը և հենց շնորհիվ այդ շարժման հայ ժողովուրդը նորից վերգտավ լիարժեք ազգ լինելու ուժը։
Հիմա այս մարդիկ փորձում են վարկաբեկել այդ ամենը, ասելով՝ ծուղակ էր, հանցագործություն էր, էլ չգիտեմ, կոնֆլիկտային բան էր։ Ասում է՝ Հայաստանը փնտրում էինք այլ երկրներում, Ադրբեջանում, Թուրքիայում, Վրաստանում և այլն։ Լսի, եթե Հայաստանի նորանկախ պատմության մեջ մի ղեկավար եղել է, որ Հայաստանը փնտրել է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս, էդ դու ես եղել, Նիկոլ Փաշինյան։ Ոչ ոք չի գնացել ու ամբողջ միջազգային հանրության առաջ չի կանգնել ու չի ասել՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։
Իրականում Հայաստանի բոլոր ղեկավարները 1991 թվականից ի վեր երբեք չեն դրել ինչ-որ էքսպանսիոնիզմի խնդիրներ, ուրիշի տարածք գրավելու խնդիրներ, նման բան չի եղել երբեք»։
Զուրաբյանը հիշեցրեց, որ ի սկզբանե այս հակամարտությունը մատուցվել է, որ սա հակամարտություն է Ադրբեջանի կենտրոնական կառավարության և Արցախի ժողովրդի միջև, որովհետև Արցախի ժողովուրդը չի կարող ունենալ անվտանգություն, ազատություն և բոլոր անհրաժեշտ իրավունքները Ադրբեջանի կազմում։
«Եթե դա հնարավոր լիներ, ես վստահ եմ, ոնց որ ջավախահայերը շատ նորմալ ապրում են Վրաստանում, նույնպես էլ արցախահայերը կապրեին Ադրբեջանում, բայց դա հնարավոր չէր, որովհետև արցախահայությունը գործ ուներ ցեղասպան կառավարության հետ։ Հիմա պարզվում է, որ ոչ թե մենք պայքարել ենք ինքնորոշման համար, սատարել ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այլ մենք տարածքային նկրտումներ ենք ունեցել։ Հիմա պարզվում է, որ Ադրբեջանի բոլոր պրոպագանդիստական թեզիսները, որ մենք հետևողականորեն 90-ական թվականներից սկսած ջախջախել ենք, հիմա դա որդեգրվել է մեր իսկ իշխանության կողմից։
Նիկոլ Փաշինյանն է այն մարդը, որը փնտրել է Հայաստանը Հայաստանից դուրս, իրանից առաջ ոչ ոք այդպիսի բան չի արել։ Ինքն է միջազգային նորմերը խախտել, ինքն է փլուզել Մինսկի խմբի մեխանիզմը, ինչով բացել է դուռը Ադրբեջանի ագրեսիայի համար։ Ու այս մարդը դարձել է Ալիևի ապարատի, պրոպագանդայի բաժնի ամենաարդյունավետ ու ամենատաղանդավոր աշխատակիցը։ Երբեք ադրբեջանական պրոպագանդան այսքան արդյունավետ չէր լինի, եթե դա չհնչեր Հայաստանի փաստացի ղեկավարի շուրթերից։ Այդպիսի վնաս ոչ ոք Հայաստանին չի հասցրել»,–ասաց Զուրաբյանը։
Նա հայտարարեց, որ Արցախն արդեն հանձնված է և այսօր արդեն Հայաստանի գոյության խնդիրն է դրված. «Այսօր ճակատամարտը տեղափոխվել է մի պաշտպանական գծից, լրիվ ու ուրիշ պաշտպանական գիծ՝ Վարդենիս, Ներքին Հանդ, Տիգրանաշեն, Զանգեզուրի այսպես կոչված միջանցք։ Այստեղ է հիմա պայքարը, այստեղ է պատերազմը, և ես ուզում եմ հասկանալ՝ կա արդյոք որևէ բան, որ Ալիևը կպահանջի Հայաստանից և Նիկոլ Փաշինյանը դրան կասի՝ ոչ։ Չկա այդ բանը։
Այսօր ստեղծվել է իրավիճակ, որ «ոչ» ասելու առաքելությունը ընկնում է ժողովրդի և հանրության ուսերին, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ պատվով դուրս գանք այս փորձությունից»,– ընդգծեց ՀԱԿ փոխնախագահը։











