Հանրահայտ ամերիկյան երգչուհի, 6 «Գրեմմիի» դափնեկիր Դոննա Սամերը մահացել է 63 տարեկանում:
Ինչպես հաղորդում է Dni.ru-ն, Սամերը մահացել է ծանր եւ երկարատեւ ուռուցքային հիվանդությունից հետո: Երգչուհու մտերիմները պատմել են լրագրողներին, որ նա գաղտնի էր պահում իր հիվանդությունը: Նրա հիմնական նպատակը նոր ալբոմն ավարտելն էր, գրում է Gazeta.ru-ն` վկայակոչելով TMZ-ը: Երգչուհին մահացել է Ֆլորիդայում, այսօր առավոտյան:
Սամերի ամենահայտնի երգերից են` Hot Stuff, Bad Girls, Love to Love You Baby, ինչպես նաեւ Feel Love: Ամբողջ աշխարհում վաճառվել է նրա ավելի քան 130 մլն ձայնագրություն:
Երգչուհին հայտնի է դարձել 1970-ականներին: Մինչ օրս նրան է պատկանում հիթ-շքերթներում առաջին տեղը զբաղեցրած կրկնակի ալբոմների ռեկորդը:
Սամերը դարձել է առաջին երգուհին, ում սինգլները տարվա մեջ 4 անգամ հասել են Billboard Hot 100 շքերթի առաջին հորիզոնականին: 1992 թ. հոլիվուդյան պատվո զբոսուղում տեղադրվել է նրա անվան աստղը:











