Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ տեսնում է Ադրբեջանի գործնական պատրաստակամությունը շարունակելու քայլերը՝ ուղղված խաղաղության գործընթացի խորացմանը։ Նրա խոսքով՝ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են շարունակել աշխատանքը չլուծված հարցերի շուրջ, այդ թվում՝ պահվող անձանց և անհետ կորածների ճակատագրի վերաբերյալ։

«Ես տեսնում եմ, որ ադրբեջանական կողմը խաղաղության հետ կապված բոլոր այն քայլերը, որոնք կարող է իրեն թույլ տալ, կանի և այս պահին անում է», — լրագրողներին ասել է Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմի հետ շփումների ընթացքում քննարկվել են պահվող անձանց և անհետ կորածների հարցերը։

«Այս բոլոր հարցերի շուրջ մեր քննարկումը կայացել է, և ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել [գործընթացի] խորացումը, ներդնել նոր մեխանիզմներ, որպեսզի այն հարցերը, որոնք դեռևս լուծում չեն ստացել, գտնեն իրենց լուծումները», — ասել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Սիմոնյանը նաև ընդգծել է հայ և ադրբեջանական հասարակությունների՝ միմյանց նկատմամբ վերաբերմունքի աստիճանական փոփոխության անհրաժեշտությունը։

«30-ամյա հետքը մենք պետք է կարողանանք փոխել նաև մարդկանց վերաբերմունքի մեջ՝ ոչ միայն Հայաստանում, այլև Ադրբեջանում», — նշել է նա՝ հավելելով, որ երկու երկրների միջև արդեն տեղի են ունենում պատվիրակությունների փոխադարձ այցեր, և այդ շփումները պետք է շարունակել։

Պատասխանելով Ադրբեջան հնարավոր այցի մասին հարցին՝ Սիմոնյանը չի բացառել, որ կայցելի Բաքու։

Նա հիշեցրել է, որ ավելի վաղ Դիլիջանում տեղի էր ունեցել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։

«Չեմ բացառում, որ նման այց կկատարեմ նաև ես։ Չեմ կարող ասել որևէ ժամկետ կամ որևէ կոնկրետ բան», — հայտարարել է Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ կա պայմանավորվածություն անցկացնելու ևս մեկ հանդիպում, սակայն կոնկրետ ժամկետներ առայժմ չեն ամրագրվել։

Մեկնաբանելով Ադրբեջանում պահվող հայ գերիների ճակատագիրը՝ Սիմոնյանը հայտարարել է, որ Երևանը մտադիր չէ այս հարցը հանել օրակարգից։

«Մեզ համար տարբերակ չկա, որ մենք այս հարցով չենք զբաղվելու կամ որ այս հարցը մեզ համար դուրս է եկել օրակարգից», — ասել է նա։

Միևնույն ժամանակ, Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ չի ցանկանում դատել այն մասին, թե երբ հենց խնդիրը վերջնականապես կլուծվի՝ նախընտրելով խոսել դրա լուծման ուղղությամբ տարվող մշտական աշխատանքի մասին։