Արարատցեմենտը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության կառավարման ներքո և Արարատցեմենտի հետ կապված որևէ պրոցես տեղի չի ունեցել, և ձեր ասածը բացարձակապես սուտ է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե Արարատցեմենտը գնել է իշխանությունների «սրտի գործարար» Նարեկ Նալնադյանը։

Նշենք, որ երեկ տեղեկություն տարածվեց, որ Նարեկ Նալբանդյանը գնել է ոչ թե արարատցեմենտը, այլ Հրազդանի ցեմենտի գործարանը, լրագրողը հավանաբար, շփոթել էր։

«Երկրորդը, ես սրտի օլիգարխ չունեմ, և եթե Հայաստանի տնտեսական դաշտում կա մեկը, որ ինձ և ընդհանրապես մեր ընտանիքին նյարդայնացնում է արդեն տանելիության բոլոր սահմաններից դուրս, դա Նարեկ Նալբանդյանն է, և ես հանձնարարել եմ, որ համապատասխան իրավապահ մարմինները վարույթներ նախաձեռնեն, և եթե մենք ստանանք որևէ ապացույց, որ որևէ գործարար, այդ թվում Նարեկ Նալբանդյանը փորձում է տպավորություններ ստեղծել, թե ինքը մեր ընտանիքի հետ որևէ կապ ունի, ես հավաստիացնում եմ՝ մեր արձագանքը կլինի շատ դաժան, ավելի քան դաժան, քան սովորական ձևերը։ 

Ես չգիտեմ՝ դուք եք այդ տպավորությունը ստեղծում, թե ինքն է այդ տպավորությունը ստեղծում ձեր միջոցով, բայց էլի ասում եմ, որ թեկուզ մի փոքր հիմնավորում լինի, որ ինքը Նարեկ Նալբանդյանը փորձ է անում տպավորություն ստեղծել, թե մեր ընտանիքի հետ կապ ունի... Ամեն անգամ, երբ այդպես հրապարակում է լինում, ինչի՞ ինքը չի հերքում։ Սա մեզ ներվայնացնում է ահավոր ձևի, և եթե այդ հիմնավորումները արդեն բավարար լինեն, որ այդպես փորձ է անում տպավորություն ստեղծել, ես ձեզ հավաստիացնում եմ, որ Նարեկ Նալբանդյանը կարժանանա ավելի դաժան ճակատագրի, քան արժանացել են մյուս օլիգարխները, և դադարեցրեք այդ բանը։

Ես կանգնում եմ ձեր առաջ, ասում եմ՝ բա ու՞ր է իմ միլիոնները, ուր, բա ասեք, ինչի՞ չեք ասում։ Իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի, որ այդտեղ ֆորմալ կամ ոչ ֆորմալ փայ է։ Ես զգուշացնում եմ բոլոր գործարարներին, ով կփորձի աչքով տալով, չգիտեմ ինչ անելով, լռությամբ, ստեղծել տպավորություն, թե մեր ընտանիքի հետ կապ ունի, դաժան, ահավոր դաժան արձագանք է լինելու, անհամաչափ արձագանք է լինելու մեր կողմից։ Եկեք սա արձանագրենք մեկընդմիշտ։ Մյուս անգամ այդ անունը տալով կամ որևէ մեկին մեր ընտանիքի հետ կապելով...

Մամուլում հրապարակումներ են եղել, թե գնացել մարզերում խանութներ են ձեռք բերել, ասելով, որ վարչապետի տիկնոջ հանձնարարությամբ է։ Ես հանձնարարել եմ, գնացել են հատ-հատ այդ մարդկանց հարցաքննել են, և ես չեմ բավարարվում դրանով, երկրորդ անգամ էլ, երրորդ անգամ էլ, չորրորդ անգամ էլ, ասում եմ՝ որ պահին լինի հիմնավորում, մեր արձագանքը լինելու է դաժան։

Բայց մյուս կողմից չեմ էլ ուզում, որ հանկարծ ստացվի, որ ինչ-որ մի հատ մրցակից այս կոմբինացիան ստեղծում է այս բանը ստեղծելու համար։ Երկրագնդի վրա չկա օբյեկտիվ փաստ, որ իմ ասածը ուղղակի կամ անուղղակի հերքի, մեր ընտանիքը որևէ ձեզ հայտնի բիզնեսի մեջ ընդհանրապես չկա, մենք գործարար հետաքրքրություններ Հայաստանի Հանրապետությունում և դրանից դուրս չունենք»,– հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Մենք բոլորին նայում ենք նույն աչքով, Հայաստանի Հանրապետության բոլոր տնտեսվարողները նախ և առաջ Հայաստանի Հանրապետության հարկեր վճարող են։ Եթե կպարզվի, որ ինչ-որ արտոնյալ իրավիճակ է ստեղծվել, ամենադաժան վերաբերմունքը կլինի այն պաշտոնյայի նկատմամբ, ով այդ տրամաբանությամբ որևէ մեկի համար ստեղծել է այդ արտոնյալ վերաբերմունքը։

Մեր իրավապահ մարմիններին հանձնարարել եմ, մինչև այս պահի դրությամբ իրենք չեն բերել որևէ հիմնավորում, թե այդ գործարարը ինչ-որ գործողություն է անում, չնայած մյուս կողմից լռությունը շատ վատ է։ Ես պահանջում եմ, որ ամեն անգամ երբ այդպես հրապարակում է լինում, իրենք պետք է հերքեն, ինչի՞ չեն հետքում։ Այսինքն ինչ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե իրոք այդ ամեն ինչը իրականության համապատասխանո՞ւմ է»,– ընդգծեց Փաշինյանը։