ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա` մայիսի 17-ի նիստում, քննարկվել են հետընտրական զարգացումների հետ կապված խնդիրներ, ինչպես նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը տեղեկացրել է իր հանդիպումների մասին, այլ կուսակցությունների ղեկավարների հետ: Այս մասին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, հավելելով, որ խորհրդակցությունները քաղաքական ուժերի հետ շարունակվում են եւ ՀՀԿ-ն դեռեւս վերջնական որոշում չի կայացրել:
Նրա խոսքով, նիստում քննարկել են ՀՀԿ համամասնական ցուցակից ինքնաբացարկ ներկայացնող թեկնածուների հարցը, սակայն դա էլ վերջնական լուծված չէ. այն կորոշվի այն ժամանակ, երբ կհստակեցվի, թե ով է գնում կառավարություն, ով` օրենսդիր:
«Նման քննարկումներ եղան, որոշակի մոտեցումներ կան, բայց քանի որ վերջնական չի, այդ մասին հաջորդ նիստից հետո: Ինչ վերաբերում է կոալիցիոն համաձայնագրին, մենք երբեք որեւէ ինքնանպատակ կոալիցիաների, համաձայնագրերի կողմնակից չենք եղել, ՀՀԿ-ն իր ողջ գործունեության ընթացքում, ինչպես նաեւ նախագահն, ապացուցել է, որ ինքը միշտ էլ ցանկացած կուսակցական շահ ստորադասել է պետության շահին: Բայց սա չի նշանակում, որ պետք է լինեն ինքնանպատակ կոալիցիաներ: Մենք կոնսուլիդացիայի եւ միասնականության կողմնակից ենք եղել, բայց դա բնականաբար պետք է լինի ծրագրային դրույթների եւ նախագահ Սարգսյանի շուրջ»,- մանրամասնեց Էդուրադ Շարմազանովը:
Հարցին, թե Տիգրան Սարգսյանը շարունակելո՞ւ է մնալ վարչապետ, նա արձագանքեց. «Վարչապետի, ԱԺ նախագահի, նախարարների եւ կադրային որեւէ հարց, թե ով ուր է գնում, չի քննարկվել, այդ թվում Էդուարդ Շարմազանովի հետ կապված»:
Ի դեպ, Էդուարդ Շարմազանովը նաեւ ասաց, որ այս պահին գործում է կոալիցիոն հուշագիրը, որտեղ սեւը սպիտակի վրա գրված է, որ 2013թ-ին այդ երեք քաղաքական ուժերը (ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ) սատարելու են նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Նա նաեւ նշեց, որ այդ կուսակցություններից որեւէ այլ կարծիք չի լսվել, իսկ իրենց համար պաշտոնական է համարվում այն կարծիքը, որը համապատասխանում է տվյալ կուսակցության ղեկավար եւ նրա կողմից լիազորված անձի կարծիքին:
Շարմազանովի ներկայացմամբ, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի հայտարարություններն իրենք պաշտոնական չեն ընդունում, քանի որ ունեն օրինակներ, որ նրա կարծիքը կուսակցության ղեկավարի կարծիքի հետ չի համընկել: Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող խոսակցություններին, թե վաղը ՀՀԿ ցուցակից 69 մարդ ինքնաբացարկ կտա, եւս մեկ անգամ կրկնեց, որ վերջնական որոշում չկա:
Նշենք, որ ըստ Շարմազանովի, Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը քննարկել է ոչ միայն ներքաղաքական հարցեր, այլեւ խոսվել է պետության արտաքին վեկտորների վերաբերյալ:
Հարցին, թե ինչու ՀՀԿ-ն, որը խորհրդարանում մեծամասնություն ունի, չի ստանձնում պատասխանատվությունն ամբողջությամբ, Շարմազանովը պատասխանեց. «ՀՀԿ-ն այն եզակի քաղաքական ուժերից մեկն է, եթե ոչ միակը հայաստանյան քաղաքական դաշտում, որը երբեք պատասխանատվությունից չի խուսափել, որը եւ դրականի տերն է եղել, եւ թերությունների` ի տարբերություն շատ ու շատ տարբեր ուժերի: Այս անգամ էլ մենք չենք խուսափելու պատասխանատվությունից, բայց դա չի նշանակում, որ այդ ամբողջական պատասխանատվության ստանձնումը կլինի միայնակ, քննարկումները շարունակվում են, կապրենք կտեսնենք»:
Նրա խոսքով, վերջնական որոշումը կլինի մինչեւ ԱԺ նիստը` մայիսի 31-ը:











