Ապարանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով զոհված ամուսինների ազգականը լրագրողներին պատմել է նրանց կյանքի վերջին ժամերի և այն մասին, թե ինչպես է ընտանիքն իմացել ողբերգության մասին։ Նրա խոսքով՝ զոհվածները մոտ 60 տարեկան տղամարդ և կին են, ովքեր մեկնում էին հիվանդանոց՝ հետազոտման։
«Եղբորս որդին զանգում է սերվիս, եղբորս է զանգում, մորն է զանգում, հարսիս է զանգում՝ ոչ ոք չի պատասխանում։ Հետո զանգեց ինձ։ Ես էլ սկսեցի եղբորս զանգահարել, բայց նա չէր պատասխանում։ Սերվիսից ասացին, որ իրենք էլ ոչինչ չգիտեն», — պատմել է ազգականը։
Ավելի ուշ ընտանիքն իմացել է, որ ավտովթար է տեղի ունեցել, իսկ հետո տեղեկացել, որ մեքենայում հինգ մարդ է եղել, և բոլորն էլ զոհվել են։
«Հետո արդեն կանալներով իմացանք, որ ավտոյում 5 մարդ է եղել, ու բոլորն էլ չկան։ Մեզ ասացին, որ նրանց բերելու են Աշտարակ։ Եկանք ու սպասում էինք։ Բերեցին հինգին, հերթով սկսեցին դուրս բերել մարմինները։ Սաղ ջարդուխուրդ եղած էին», — ասել է նա։
Տղամարդու խոսքով՝ զոհված ամուսիններն ապրում էին Երևանում և դաստիարակում երկու երեխա՝ որդի և դուստր։ Նրանք ունեին նաև թոռներ։
«60–61 տարեկան էին։ Երկու երեխա ունեն՝ տղա ու աղջիկ, թոռներ ունեն։ Համեստ, կարգին ընտանիք, մարդիկ, ովքեր ազնիվ աշխատել են ու նորմալ ապրել։ Գնում էին հիվանդանոց՝ հետազոտման։ Որդու հետ պայմանավորվել էին, որ առավոտյան պետք է գնային բժշկի։ Իսկ երեկոյան տաքսիով ճանապարհ ընկան, ու տեղի ունեցավ այս ողբերգությունը», — պատմել է ազգականը։
Նա նաև կոշտ է արտահայտվել ճանապարհներին վարորդների վարքագծի մասին և կոչ է արել խստացնել նրանց աշխատանքի նկատմամբ վերահսկողությունը։
«Ես ուզում եմ, որ էս վարորդի հետ մի բան անեն, որ էսքան մարդու գլուխը չուտեին․ մենակ իմ եղբայրն ու քույրը չէին, այնտեղ ուրիշներն էլ կային։ Այնտեղ ջահել աղջիկ կար։ Քանի մարդ գնաց», — ասել է տղամարդը։
Նրա խոսքով՝ ծառայողական մեքենաների վարորդները հաճախ գերազանցում են արագությունը և ագրեսիվ են պահում իրենց ճանապարհին։
«Նենց էլ գազ են տալիս ու թռչում են, ոնց որ ծիտը։ Մենք էլ ենք շոֆեռ ու տենում ենք, թե երբ են սխալ բան անում։ Իսկ եթե դիտողություն ես անում, նեղանում են․ «Դուք ինձ ցույց մի տվեք, թե ես ոնց գնամ, ոնց չէ»», — պատմել է ազգականը։
Նա պնդում է, որ ականատեսները խոսել են մեքենայի չափազանց բարձր արագության մասին։ «Mercedes-ի վարորդն ասաց․ «Ռակետի պես կողքովս եկավ-անցավ»։ Ասում են՝ մինչև 165 կմ/ժ արագություն է բացել», — նշել է զոհվածների ազգականը։
«Վարորդների նման վարքագծի պատճառով էլ այսքան վթարներ են լինում։ Այնպես են քշում, ասես ճանապարհներն իրենց համար չեն։ Ամենասարսափելին այն է, երբ հայտնվում ես մեծ բեռնատարների արանքում։ Այնպես են քշում, որ վախից վատ ես զգում», — հավելել է նա։











