Ռուսաստանում իրոք վրդովված են։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման շրջանակում տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ մեկնաբանելով Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպումը։

Նրա խոսքով՝ հայ-ռուսական հարաբերություններն ակնհայտորեն լավագույն ժամանակները չեն ապրում։

«Այս ճգնաժամը չի ավարտվում, ավելին՝ շարունակում է խորանալ։ Ակնհայտ է, որ պաշտոնական Երևանը հույս ուներ ընտրություններից հետո ինչ-որ կերպ հանգուցալուծել ստեղծված իրավիճակը»,- նշել է Իսկանդարյանը։

Փորձագետի կարծիքով՝ Երևանում չգիտես ինչու տպավորություն էր ստեղծվել, թե Մոսկվայի հետ հակասություններն ավելի շատ խոսույթային ու քննարկման բնույթ են կրում։ Այնուամենայնիվ, հարաբերությունները կարգավորել այդպես էլ չի հաջողվում։

«Կարծում եմ՝ հարաբերությունները շարունակելու են խնդրահարույց մնալ։ Ընդհանրապես գտնում եմ, որ տեղի է ունենում այդ հարաբերությունների վերակառուցում։ Սա գլոբալ գործընթաց է և չի վերաբերում միայն Հայաստանին։ Այս ամենի պատճառները շատ խորն են։ Եթե խոսենք Հարավային Կովկասի մասին, ապա դրանք թաքնված են 2020 թվականի պատերազմի մեջ։ Կրկնում եմ, սա չի վերաբերում միայն Հայաստանին։ Բավական է նայել, թե ինչ է կատարվում ռուս-ադրբեջանական հարաբերություններում․ սա մոտավորապես նույն գործընթացն է»,- ընդգծել է քաղաքագետը՝ հավելելով, որ խնդիրը միայն զրույցներով ու քննարկումներով լուծել չի ստացվի։

Նա համոզված է, որ անգամ եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարվի եվրաինտեգրման գաղափարից, ապա միևնույն է, էական որևէ փոփոխություն չի լինի։