Արդեն Free Armenian Prisoners կայքէջում հրապարակվել է Ռուբեն Վարդանյանի պաշտոնական մեղադրական եզրակացությունը և դատավճիռը, որը հրապարակվել էր այս տարվա փետրվարի 17-ին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի պաշտպան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Սիրանուշ Սահակյանը։
«Այս դատավճռի ուսումնասիրությունը մեզ ցույց տվեց, որ տեղի են ունեցել բազմաթիվ աննախադեպ մարդու իրավունքների խախտումներ, ողջ դատավարությունը եղել է ֆարս, դրա արդյունքը լեգիտիմ չէ, և իհարկե, մենք մեր իրավական փաստարկները ներկայացրել ենք Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։
Ռուբեն Վարդանյանի գործին արդեն իսկ տրված է համար և գործը քննվելու է Եվրոպական դատարանի կողմից, համապատասխան փուլերում մենք նաև մանրամասներ կտրամադրենք։
Այս դատավճիռը նաև էտալոնային է, որտեղ ոչ միայն խախտված են իրավական նորմերը, բարոյական նորմերը, այլ նաև մարդկային ողջամտության և բանականության սահմանները։ Այնտեղ տեղ գտած փաստերը և այսպես կոչված ապացույցները և դրանց հիման վրա կատարված եզրահանգումները ուղղակի չեն տեղավորվում մարդկային առողջ դատողության, ողջամտության, բանականության տիրույթում։
Մեզ համար շատ կարևոր է, որ մասնագիտական համայնքները, ակադեմիկները, ուսանողները ուսումնասիրեն և կարողանան անկախ, ինքնուրույն տեսակետ ձևավորել այդ դատավարության և դրա արդյունքի դատավճռի վերաբերյալ»,–ասաց նա։
ՍԻրանուշ Սահակյանի խոսքով, Ռուբեն Վարդանյանին վերագրվել են մի քանի տասնյակ արարքներ, մեղադրանքներ, այդ թվում ագրեսիա և մարդկային ավերվածություններ, զոհեր պատճառելը։ Օրինակ նշվում է, որ 2021–ի նոյեմբերի 16-ին հայկական զինված ուժերը հարձակվել են Ադրբեջանի վրա և այս հարձակումները հակազդելու նպատակով եղել են զոհեր, հարձակման հետևանքով կան տուժածներ, և որպես ապացույց դատարանում հանդես է եկել զոհը, որը նշել է, որ այդ հարձակման հետևանքով վնասվածքներ է կրել, և այս դրվագը վերագրվել է Ռուբեն Վարդանյանին։
Ռուբեն Վարդանյանը այս պահին քրեական պատասխանատվության է ենթարկվում այս իրադարձության համար։ Ռուբեն Վարդանյանը Արցախում պետնախարարի պաշտոն է ստանձնել 2022 թվականի նոյեմբերի 4-ին, որևէ մասնակցություն, ներկայություն չի ունեցել, ավելին թե Հայաստան զինված ուժերի և թե Արցախի բանակի հրամանատարական որևէ լիազորություն չի ունեցել, որոշումների կայացման որևէ շղթայում ներգրավվածություն չի ունեցել։ Այդուհանդերձ, այս դրվագը համարվել է հաստատված, հաստատող ապացույցը տուժածի վկայությունն է, որը պարոն Վարդանյանին երբևէ չի տեսել։ Նա ընդամենը վկայություն է տվել, որ հարձակման հետևանքով կրել է վնասվածքներ։
Ռուբեն Վարդանյանը տարաբնույթ բարեգործական ծրագրեր է իրականացրել, սոցիալական ծրագրերում է ակտիվ ներգրավվածություն ունեցել, և այս դրվագները ևս որակվել են որպես հանցավոր գործունեություն։ Օրինակ, վերանորոգվել են դպրոցներ, մանկապարտեզներ կամ Ռուբեն Վարդանյանը ֆինանսավորել է Արցախում տեղի ունեցած մեծ հարսանիքը, ինքնին այս հարսանիքի կնքահայր լինելը կրկին որակվել է որպես հանցավոր գործունեություն»,– ընդգծեց Սիրանուշ Սահակյանը։ Նա հավելեց, որ ««Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Բաքվի դատարանի կողմից ևս որակվել է որպես հանցավոր գործունեություն, իսկ նախաձեռնության շրջանակներում դափնեկիրներն ընկալվել են որպես հանցավոր կազմակերպության անդամներ։
«Բացի այդ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը իր բոլոր ստորաբաժանումներով ընկալվել է որպես ոչ օրինական արգելված ռազմականացված, զինված խմբավորում և որևէ առնչություն ԼԼՂՀ–ին որակվել է որպես մասնակցություն հանցավոր կազմակերպությանը։
Ադրբեջանական կողմը մեզ անհայտ մեթոդաբանությամբ նաև զոհերի հաշվարկ է իրականացրել և ըստ նրանց, արցախյան հակամարտության շրջանակներում սպանվել են 18000-ից ավել բնակիչներ, և նշված է՝ քանի որ Ռուբեն Վարդանյանը 2022–ին անդամակցել է այդ հանցավոր կազմակերպությանը պաշտոն զբաղեցնելու տեսքով, ուրեմն բոլոր մարդկային կյանքերի պատասխանատուն հենց Ռուբեն Վարդանյանն է։ Այսինքն հակամարտության շրջանակներում ինչ մարդկային զոհեր եղել են, անհետ կորածների ինչպիսի դրվագներ կան, դրա անհատական պատասխանատվությունը պետք է կրի հենց Ռուբեն Վարդանյանը։
Ինքնին պաշտոն ստանձնելը նաև գնահատվել է որպես իշխանության բռնազավթում, Ադրբեջանի սահմանադրության խախտում և պաշտոնի ստանձնումը ներկայացվել է, որ Ադրբեջանի սուվերեն իշխանությունը բռնազավթվել է Ռուբեն Վարդանյանի կողմից և վերջինս Ադրբեջանում իշխանություն է իրականացրել 2022–ի նոյեմբերից մինչև 2023 թվականի փետրվար»,–ասաց նա։











