Գիշերը ժամը 3:00-4:00-ից հետո սկսվել են կանչերը, մինչև առավոտյան ունեցել ենք 23-24 կանչ, որոնցից 15-ը մոտավորապես նման գանգատներով, 10-ը որակավորվել է հենց այդպիսի գանգատներով, երեքը հոսպիտալիզացվել են՝ 3, 5 և 12 տարեկան երեխաներ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Վարդումյանը՝ անդրադառնալով Բյուրեղավանում աղիքային վարակի հերթական դեպքերին։

«Նրանք վիճակը հիմա բավարար է, այսօր էլ կանչեր կան, արդեն ամբուլատոր հաճախումներ, հիմնականում ընտանեկան բժիշկների հետ հեռախոսային խորհրդակցություններ, խորհուրդներ և այլն։ Ծանրաբեռնված աշխատում ենք։

Քիչ առաջ համայնքապետի հետ էի խոսում, պարբերաբար իրեն ինֆորմացիա ենք տալիս այս իրավիճակի մասին, առավոտյան համայնքապետի մոտ գործակարգավարական խորհրդակցություն է եղել, այս ամեն ինչը քննարկվել է։ Ժամը 9-ին առողջապահական տեսչությունից, «Վեոլիա ջրի» լաբորատորիայից, ՀՎԿԱԿ-ից (Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն) եկել է խումբ, հասցեները վերցրել են, գնացել են նմուշառումներ անելու, հիմա ընթացքի մեջ են այդ աշխատանքները»,–ասաց նա՝ հավելելով, որ անընդհատ էլ նմուշառումներ վերցվել են և ստուգվել են։

«Բոլոր սոցցանցերում իրենք հայտարարություններ են արել, դուք կարող եք կարդալ այդ հայտարարությունները, մենք էլ մեր հերթին հարցումներ ենք արել, բոլոր հարցումներին պատասխանել են, նույնիսկ ընդհանուր խորհրդակցություն է եղել, ՀՎԿԱԿ, Ջրային կոմիտե, «Վեոլիա ջուր», ՏԿԵ նախարարություն, տեսչական մարմին, ավագանի, ընդհանուր խորհրդակցություն է եղել, համապատասխան եզրակացություններ են արվել, բայց նորից այս վիճակը առաջացել է»,–ասաց Վարդումյանը։

Նրա խոսքով, երեխաները դե մի քիչ ավելի ծանր են տանում՝ կապված ջրազրկման հետ, դրա համար ավելի շատ երեխաներն են հոսպիտալացվում, իսկ մեծերը ավելի հեշտ են տանում, շատ շատերը չեն դիմում. «Արդեն ոնց որ սովորել են, ինչ պետք է անեն։ Հոսպիտալացվածները Աբովյանի ԲԿ–ում են: Հոսպիտալացման թվերը ես կարող է ճիշտ չասեմ, որովհետեւ մարդը ինքը կարող է գնալ, և իրեն պառկացնեն հիվանդանոց, կարող է այլ շտապօգնություն լինի, տանեն հիվանդանոց, որովհետև բոլոր կանչերը միայն մենք չենք անում։ Եթե մենք զբաղված ենք, կարող է Նոր Հաճնի բրիգադը գա, Աբովյանի բրիգադը գա, կարող են Երևան գնալ։

Բնակիչներին խորհուրդները՝ շատ հեղուկներ օգտագործել, ջրազրկում չլինի հանկարծ։ Ջուրը եռացնելուց հետո օգտագործել գոնե։ Ես չեմ պնդում, իհարկե, որ պատճառը ջուրն է, բայց համենայնդեպս պետք է զգույշ լինել»,–ասաց նա։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ սեպտեմբերի 6-ին Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության են դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի: Ըստ առողջապահության նախարարության, նրանցից 3-ը բուժօգնություն է ստանում ինֆեկցիոն բաժանմունքում, մյուսներին ցուցաբերվել է ամբուլատոր բժշկական օգնություն։

ՔԿ–ից էլ հայտնել են, որ Բյուրեղավանում նախկինում բնակչության շրջանում թունավորման երկու դեպքերի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է 2 քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը):

Վարույթները միացվել են մեկ վարույթում: Նշանակվել են համալիր փորձաքննություններ որոնց եզրակացությունները դեռևս չի ստացվել:

Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի