«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը պահանջում է բաց դատավարություն՝ հանրության համար հասանելի ու թափանցիկ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 7–ին, ԲԴԽ շենքի դիմաց իրազեկման ակցիայի շրջանակներում հայտարարել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

«Այս տարվա մայիսից Անդրանիկ Թևանյանը գտնվում է կալանքի մեջ, այնուհետև՝ նաև Արեգնազ Մանուկյանը։ Նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան, վաղը տեղի է ունենալու առաջին նիստը։ Մենք ունենք երկու պահանջ․ առաջինը՝ անցկացնել բաց դատավարություն, որևիցե պարագայում դատավարությունը չանցկացնել փակ ռեժիմով։ Եթե, այսպես կոչված, պետական գաղտնիքի ինչ-որ դրվագ կա, այդ մի նիստը կարելի է անել փակ, բայց բուն դատավարությունը պետք է տեղի ունենա բաց, հրապարակային, հանրության համար հասանելի, որովհետև մայիսից երկրի քաղաքական իշխանության շուրթերով սահմանվել էին մեղադրանքի ինչ-որ շրջանակներ, որը նախաքննության փուլում և դատարան ուղարկված գործի մեջ արդեն փլվել է։ Հավաքագրում չկա, 623 հազար դոլարի ստացում չկա, և այդպես շարունակ՝ հերքվել է այդ ամենը»,- հայտարարեց նա։

Երկրորդ պահանջն այն է, որ թե՛ Անդրանիկ Թևանյանի, թե՛ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցները փոխվեն ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոցով, ընդհուպ մինչև խափանման միջոցի վերացում, , որովհետև այլևս դատաքննության փուլում որևիցե կարգի խոչընդոտ հարուցելու հիմքեր գոյություն չունեն, նրանք երկուսն էլ ի սկզբանե այդ շինծու, այդ կեղծ, այդ կարովի քրեական գործի նախաքննության փուլում չեն խուսափել, ոչ մի խոչընդոտ չեն ստեղծել։ Անդրանիկ Թևանյանն էլ իր ոտքով է գնացել քննչական մարմին։ Հիմա մենք պահանջում ենք, որ ԲԴԽ-ն իր մեջ ուժ գտնի, հավատարիմ մնա օրենքի տառին ու ապահովի առաջին հերթին բաց, թափանցիկ, հրապարակային դատավարություն, որի արդյունքում կերևա, որ այդ գործն ամբողջովին քաղաքական է, ինչու չէ՝ աշխարհաքաղաքական»,- ասաց Մանուկ Սուքիասյանը։

Նրա խոսքով, դա նպատակ ուներ առաջին հերթին քար նետելու և պախարակելու ԲՀԿ–ին, որի երկրորդ համարն էր Անդրանիկ Թևանյանը. «Այնուհետև Արեգնազ Մանուկյանին ձերբակալելով փորձել են  պոկել, կորզել ստանալ ինչ-որ ցուցմունքներ, որոնք կամրապնդեին Թևանյանի հանդեպ մեղադրանքը։ Դա էլ չեն ստացել»,– ընդգծեց նա։