Արագածոտնի թեմը և ողջ հոգևոր դասը խստագույնս դատապարտում է այս իրողությունը, որովհետև եկեղեցու բակերում տեղի ունեցած այս պղծությունները խստիվ արգելվել են եկեղեցու բարձրագույն իշխանության կողմից միշտ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7–ին, NEWS.am–ի հետ զրույցում նշեց Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, ըստ որի Հովհաննավանքի տարածքում կազմակերպվում են խնջույքներ ու «փարթիներ», հնչում են ռուսական «բլատնոյ» և ռաբիզ երաժշտություն, տեղադրվում են վրաններ, իսկ տարածքում իրականացվում է նաև առևտրային գործունեություն։
«Եթե անգամ տարիներ առաջ պատահել են այսպիսի բաներ, Արագածոտնի թեմը և Մկրտիչ Սրբազանը հատկապես, հատուկ գրավոր նկատողությամբ նաև նախկին Տեր Արամին տեղեկացրել է, որ իրենք իրավունք չունեն այս բանը անելու։ Այսինքն բոլոր կերպերով և ձևերով բարձրագույն իշխանությունը, հոգևոր դասը խստիվ արգելում է այս սրբապղծությունը։
Եկեղեցիների բակում, ընդհանրապես եկեղեցու մեջ հատկապես, միայն պիտի աղոթք հնչի։ Եկեղեցու խաղաղությունը խախտել երբեք չի կարելի, և եթե որևէ տեղ հոգևորականներն այսպես են վարվում, իմ կոչն է իմ բոլոր հոգևոր եղբայրներին, հատկապես առաջնորդ սրբազան հայրերին, որ խստագույնս արգելեն»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ Ստեփան Ասատրյանը (նախկին Տեր Արամ–խմբ) հայտարարել է, որ դա մոնտաժված տեսանյութ է, որ այնտեղ ջութակներ են եղել, իսկ ֆուրշետ եղել է, որը թույլատրելի է եկեղեցուց 10 մետր հեռավորության վրա, Տեր Մանուկն ասաց. «Նախ, եթե ֆուրշետի տարբերակով է միայն եղել, ձայնային չեղել, կրկին խստագույնս դատապարտելի է, բայց տեսանյութերի մեջ երևում են հսկա դինամիկներ տեղադրված։ Անգամ եթե հանգիստ ջութակի երաժշտություն է եղել, կրկին անթույլատրելի է։ Իսկ եթե ինքը հերքում է ռաբիզ կամ ռուսական երաժշտությունը, թող դիմի փորձագետների և փորձագետները դրա պատասխանը կտան, իհարկե Հայաստանից դուրս։
Երկրորդ, կապված 10 մ մետր հեռավորության հետ, մեր բարոյականության սահմանը այդ 10 մետր ոտնաչափով կամ հեռավորությամբ չի չափվում, չես կարող ներսը լինել քահանա, դուրսը չարագործ։
Եվ երկրորդ, այդ տարածքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանավորության տակ է, իսկ նրանք, որ ճիշտ մեկ տարի առաջ եկել էին ու փորձում էին պաշտպանել բարեփոխողներին, թող իրենք հենց հիմա գնան, խոսքս Օհանավան համայնքի բնակիչներին է վերաբերում, ոչ բոլորին։ Նրանք, ովքեր եկել էին անձնապես ինձ հետ փողոցային խոսույթով փորձում էին պաշտպանել Տեր Արամին, քննադատել Ամենայն հայոց հայրապետին կամ որևէ եկեղեցականի, թող գնան իրենք և ասեն, որ այս աղմուկ-աղաղակը եկեղեցու դեմ պղծություն է։ Նրա խոսքով, նրանք, որոնք անհանգստացել են բարձր երաժշտությունից, իրենք չեն անհանգստանո՞ւմ ներսում տեղի ունեցած պղծությունից։
Աստծո տնից չափման միավորով չես կարող խոսել։ Ասում է՝ 10 մետր հեռու եմ դրել։ Չես կարող, բա խիղճդ ու՞ր է, բա բարոյականությունդ ու՞ր է, ես ցավում եմ որ ինքը ժամանակին հոգևոր սպասավոր է եղել։ Ուզում է 100 կիլոմետր հեռու լինես, դու պարտավոր ես մնալ քո շրջանակների մեջ և վերջ»,– հայտարարեց քահանան։
Ավելի վաղ «Իշխանություն» լրատվականը հայտնել էր, որ ահազանգեր է ստանում Օհանավանից. բնակիչները տեսանյութ են տրամադրել և պնդում են, որ Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը Հովհաննավանքի տարածքը վերածել է «բիզնես կենտրոնի»․ վանքի տարածքում փարթիներ ու կերուխումներ են կազմակերպվում, վրաններ են տեղադրվում, իսկ հոգևոր լռության փոխարեն հնչում է ռուսական «բլատնոյ» երաժշտություն։











