Վերջին չորս տարիների ընթացքում տեղի է ունեցել Երևան քաղաքի հանրային տրանսպորտի ամենամեծ տրանսֆորմացիան պատմության ընթացքում. շարժակազմերի փոփոխությունը, միասնական տոմսային համակարգի ներդրումը, փորձնական ավտոբուսային գծերի ներդրումը տեղի է ունեցել այս վերջին երեք-չորս տարիների ընթացքում։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8–ին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այն ինչ արվել է վերջին երեք-չորս տարիների ընթացքում հանրային տրանսպորտի տեսանկյունից նվազագույնը ունի պատմական նշանակություն։ Ի՞նչ էր առաջարկում ընդդիմությունը։ Ընդդիմությունը ուղղակի այն ժամանակվանից ուղղակիորեն ապակառուցողական տորպեդահարում էր բոլոր մեր կողմից արված առաջարկությունները։ Արդյոք տվյալահե՞ն էին այդ առաջարկությունները, թե ոչ։ Այո, միանշանակ տվյալահեն էին, և այդ տվյալները ունեինք դեռևս WYG-i զեկույցներից։ , էլ չասեմ, որ մեր փաստացի հավաքագրումներից, նույնիսկ նախկին գազելային համակարգի հավաքագրումներից։ Վստահաբար, այդտեղ սխալանք կար, և մենք որոշակի փոփոխություններից և գործողություններից հետո օրական հասել ենք 600 000 վալիդացիաների Երևան քաղաքում։ Հավաքագրվում է մոտավորապես 80 միլիոն դրամ օրական, սրանք ռեկորդային թվեր են։ Մենք բերել ենք մաքսիմալ թափանցիկության, մաքսիմալ էլեկտրոնային լուծումների, որ սկսած Apple Pay-ով ու Google Pay-ով հիմա կարողանում ես վճարումները կատարել»,–ասաց նա։
«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Գրիգորյանը նկատեց, որ իր հարցը խցանումների մասին էր. «Դուք պատասխանեցիք մի հարցի, որը ես չէի տվել, ես խնդրում եմ իմ հարցին պատասխանել, իմ հարցը նրա մասին էր, որ եթե հիմա նոր մտածում եք երեք տարի հետո տեղադրել ինչ-որ հատուկ ձևի լուսացույց, ո՞նց եք չափելու հոսքերը։ Ասում էիք՝ մինչև հիմա չափում էինք աչքաչափով կամ դրա նման ինչ-որ ոչ պրոֆեսիոնալ ձևով, հիմա ո՞նց եք չափելու։ Խնդրում եմ իմ հարցին պատասխանել»։











