Ես կառաջարկեի որպես աշխարհի վերջ չնկարագրել գազի թանկացումը կամ ԵԱՏՄ-ից դուրս գալ, ԵՄ-ը չմտնելը։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Թագուհի Ղազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե եթե տեսականորեն գազի գինը հասնի 600 կամ 700 դոլարի, այդ դեպքում Հայաստանի տնտեսությունը կարո՞ղ է զարգանալ։
«Դա տարբերակներից մեկն է, որ Հայաստանը կարող է սպառել բարձր գնով գազ, Հայաստանի կառավարությունը պատրաստ է, Հայաստանի քաղաքացիները կունենան և՛ գազ, և՛ գազի փող, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Ես չեմ կարծում, որ Հայաստանը պետք է կոմպրոմիսների գնա այնպիսի հարցերի հաշվին, որոնք կարմիր գծեր են, գազի գնի պատճառով։
Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որը գազի կաթսա է, այստեղից ընդամենը տեխնիկական են Հայաստանի խնդիրները այդ գազին մատչելիություն ունենալու։ Մենք կունենանք և գազ, և գազի փող մինչև էժան գազի հասնելը։ Մենք կգտնենք քաղաքացիների համար լավագույն լուծումը և պետք չէ այդ գազի թանկացում ներկայացնել որպես աշխարհի վերջը։ Աշխարհի վերջը չի լինի, Հայաստանը չի կործանվի, եթե գազի գինը բարձրանա, և ես չեմ կարծում, որ օրինակ մեր կարմիր գծերը պետք է զիջել գազի գնի դիմաց, ինչպես որ դուք ժամանակին պահանջում էիք ունենալ կարմիր գծեր և չզիջել Ադրբեջանի հետ բանակցություններում և մենք պահել ենք այդ կարմիր գիծը։
Չենք ասել՝ վայ բա ոնց կլինի, եկեք զիջենք, որովհետև չգիտեմ ինչ կլինի, բայց ոնց պահել ենք կարմիր գծերը, այնպես էլ այս հարաբերությունների հարցերում։
Այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի ու Ռուսաստանի շահը հնարավոր է համադրել որևէ հարցում, մենք ջանք ենք գործադրում գտնել այնպիսի լուծում, որտեղ շահերը հնարավոր են համադրել։ Այն պահին, երբ որ Հայաստանի և Ռուսաստանի շահերը ինչ-որ հարցում չեն համընկնում, մենք ընտրում ենք Հայաստանի շահը։ Կներեք, մենք չենք ընտրում Ռուսաստանի շահը, բայց մենք հնարավորինս մոտեցնում ենք Հայաստանի և Ռուսաստանի շահերը, այնպես, որ ստիպված չլինենք ընտրել դրանց միջև»,–ասաց նա։











