Պեկինում տեղի է ունեցել Չինաստանի միջազգային մամուլի հաղորդակցության կենտրոնի (CIPCC)՝ Ժենմին համալսարանի (Renmin University of China) հենքի վրա իրականացվող ծրագրի երկրորդ փուլի հանդիսավոր բացման արարողությունը։ Նախագծին մասնակցում են աշխարհի 101 երկրից 109 լրագրողներ։ Նրանց թվում է նաև հայաստանյան NEWS.am տեղեկատվական գործակալության թղթակից Դիանա Առուշանյանը։
Չորս ամիսների ընթացքում արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները կաշխատեն Պեկինում և երկրի այլ նահանգներում, կլուսաբանեն առանցքային հասարակական-քաղաքական և մշակութային իրադարձությունները, ինչպես նաև կծանոթանան ժամանակակից Չինաստանի սոցիալ-տնտեսական վերափոխումների լայնածավալ ընթացքին։
Ծրագրի մասնակիցներին ողջունելով՝ ՉԺՀ արտգործնախարարի օգնական Հուն Լեյն ընդգծել է պահի բացառիկությունն ու երկրի արագընթաց առաջընթացը։ «Նախօրեին սկսվել է «Սպիտակ ցողեր» շրջանը՝ չինական ավանդական արևային միկրոշրջաններից մեկը, որը խորհրդանշում է աշնան սկիզբը։ Հենց այդ ամենագեղեցիկ ժամանակաշրջանում մենք հավաքվել ենք Պեկինում՝ ձեր 100-օրյա ճանապարհորդությունը Չինաստանում մեկնարկելու համար։ Երբ ավելի քան 30 տարի առաջ ես սկսեցի աշխատել օտարերկրացի լրագրողների հետ, փախադրամիջոցներն ու կապը հնարավորություն էին ընձեռում. տարածաշրջանից նյութ փոխանցելու համար անհրաժեշտ էր տասնյակ ժամեր գնացքով ճանապարհ անցնել, իսկ լուսանկարները մշակել ֆոտոատելիեում։ Այսօր Պեկինից Շանհայ 1300 կիլոմետր ճանապարհը արագընթաց գնացքով տևում է ընդամենը չորս ժամ, իսկ ամբողջ աշխատանքային շրջափուլի համար՝ նկարահանումից մինչև հրապարակում, բավական է միայն սմարթֆոնը։ Դա արտացոլում է ոչ միայն լրագրության էվոլյուցիան, այլև բուն Չինաստանի արագ զարգացման միկրոտիեզերքն է»- նշել է Հուն Լեյը։
Փոխանակման ծրագիրը ներառում է ինտենսիվ կրթական մոդուլ, մշակույթին ծանոթացում և արտագնա ռեպորտաժներ ամբողջ երկրով մեկ։ Չինաստանի մամուլի դիվանագիտության ասոցիացիայի (CPDA) փոխնախագահ Թուն Սյաոլինը լրագրողներին կոչ է արել օբյեկտիվ և խորքային կերպով ընկղմվել տեղական համատեքստի մեջ։
«Առաջիկա ամիսների համար մենք ձեզ համար հագեցած ուսումնական դասընթացներ, խորքային դաշտային այցեր, պանելային քննարկումներ և յուրահատուկ մշակութային փորձ ենք պատրաստել։ Հուսով եմ՝ կգնահատեք այդ հազվագյուտ հնարավորությունը, դուրս կգաք կարծրացած պատկերացումների շրջանակից և կազատվեք կարծրատիպային մտածողությունից»,- ընդգծել է Թուն Սյաոլինը։
Չորսամսյա ծրագրի շրջանակում մասնակիցները նաև կայցելեն կարևորագույն միջազգային միջոցառումներ, դրանց թվում՝ ԱՏՀԵԿ առաջնորդների գագաթնաժողովը. այն կանցկացվի Շենժենում, որտեղ լրագրողները կկարողանան անմիջականորեն արձանագրել տարածաշրջանային ինտեգրման և գլոբալ համագործակցության առանցքային պահերը։
Դիանա Առուշանյան, Պեկին











