Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի՝ Բիշքեկում անցկացված հանդիպման հիմնական ազդակն այն էր, որ Ռուսաստանը հասկացրեց՝ թույլ չի տա, որ Հայաստանը կիրառի երկակի հռետորաբանություն, և կոչ արեց հրաժարվել դրանից։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Հզոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։

«Ռուսաստանը փորձեց հասկացնել Հայաստանին, որ այն չի կարող հայտարարել, թե չի դուրս գալիս ԵԱՏՄ-ից, բայց գնում է դեպի ԵՄ։ Բիշքեկում անցկացված հանդիպման ընթացքում կողմերը հստակեցրին իրենց դիրքորոշումները, իսկ առաջիկա հանդիպմանը Մոսկվայում կքննարկվեն երկրների միջև հարաբերությունների վերաձևակերպման հարցերը։ Ռուսաստանում անցկացվելիք հանդիպումն ավելի բաց կլինի և հնարավորություն կտա հստակեցնել հետագա համագործակցության բնույթը»,- նշել է նա։

Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում ներկայիս իրավիճակը շատ է հիշեցնում 2013 թվականի սեպտեմբերի իրադարձությունները, երբ, ինչպես ոմանք ասում են, «Հայաստանը մեկ գիշերվա ընթացքում դարձավ Մաքսային միության անդամ»։

Գևորգյանը հավելել է, որ ամբողջ հարցն այն է՝ արդյոք Հայաստանը կկարողանա՞ վարել կշռադատված քաղաքականություն։ Նա պարզաբանել է, որ եվրաինտեգրումը չի նշանակում անդամակցություն Եվրամիությանը, դա նշանակում է ԵՄ-ի լավագույն ժողովրդավարական փորձի ինտեգրում։

«Պարտադիր չէ կախված լինել որևէ բևեռից, պարտադիր չէ դառնալ ԵՄ անդամ, որպեսզի լուծես եվրաինտեգրման հարցը։ Թեև իշխանությունները հենց այս տեսանկյունից են մոտենում այդ հարցին։ Իշխանությունները հաճախ շեշտը դնում են ձևի վրա՝ ամեն ինչ մատուցելով գեղեցիկ փաթեթավորմամբ, և մոռանում են բովանդակության մասին»,- ընդգծել է պատգամավորը։

Նա նշել է, որ Հայաստանի իշխանությունները սխալ արտաքին քաղաքականություն են վարում, որի հետևանքները հասարակությունն արդեն զգում է իր վրա, և այդ հետևանքները կարող են էլ ավելի լուրջ լինել։

Պատգամավորը անհրաժեշտ է համարել վարել հավասարակշռված արտաքին քաղաքականություն և մանրակրկիտ գնահատել ռիսկերը։ «Անհրաժեշտ է հաշվարկել, թե որքանով են նոր շուկաները պատրաստ ընդունել քո արտադրանքը և ինչպիսի հարաբերություններ են այդ գործընկերները պատրաստ զարգացնել՝ ի շահ Հայաստանի։ Հենց իշխանությունների կողմից նման մոտեցման բացակայությունն է նոր ռիսկեր ստեղծում։ Նոր գործընկերների և դաշնակիցների որոնումը միշտ էլ ընդունելի ռազմավարություն է, սակայն Հայաստանի իշխանությունները, բացի խոսքերից, ոչինչ չեն ձեռնարկում»,- ընդգծել է Գևորգյանը։

Նա կոչ է արել համեմատել Հայաստանից ԵԱՏՄ և այլ ուղղություններով արտահանման ծավալները։ «Թվերն անհամեմատելի են։ Նոր շուկաներ մուտք գործելուց բացի, պետք է նաև ամրապնդվել այնտեղ, այլ ոչ թե պարզապես ցույց տալ, որ միանգամից մտար և չկարողացար այնտեղ մնալ»,- եզրափակել է պատգամավորը։