Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը բուհի ավանդային հաշվին որոշակի գումար էր կուտակել, որպեսզի երկրում արտակարգ դրության դեպքում համալսարանն ի վիճակի լինի վեց ամիս ինքնուրույն աշխատավարձ վճարել դասախոսներին, իսկ այդ գումարը կրճատվել է 5-6 անգամ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Հայաքվե» ընդդիմադիր շարժման ներկայացուցիչ, բուհի նախկին դասախոս Մենուա Սողոմոնյանը։
Նա պարզաբանել է, որ եթե նախկինում այդ գումարը կազմում էր 6 միլիարդ դրամ, ապա այժմ դարձել է 1 միլիարդ դրամ։ Նրա խոսքով՝ այդ փողերը ծախսվել են, սակայն հաշվետվողականության որևէ ձև չկա, որպեսզի հնարավոր լինի հասկանալ, թե ինչի վրա են դրանք ծախսվել և ինչ արդյունք են տվել։ Սողոմոնյանը հայտնել է, որ 2023-2024 թվականներին դասախոսներին մեծ ծավալներով դրամաշնորհներ են բաժանվել։
«Արդյո՞ք ներկայացվել է հաշվետվություն այդ ծախսերի արդյունավետության վերաբերյալ։ Ես գիտեմ մի քանի դեպք, որոնց արդյունավետության մասով հարցեր կան։ Կան մարդիկ, որոնք ստացել են 10 միլիոն դրամի չափով դրամաշնորհներ, սակայն որևէ հրապարակում չկա։ Կա նաև մի քանի տասնյակ միլիոն դրամի դրամաշնորհ ստանալու դեպք, որի դիմաց ներկայացվել է ընդամենը մեկ հրապարակում», — նշել է ընդդիմադիր գործիչը։
Նրա խոսքով՝ միջոցների ծախսման արդյունավետության հիմնական պատասխանատվությունը կրում է Հոգաբարձուների խորհուրդը։ Սողոմոնյանը հավելել է, որ բուհի ղեկավարությունը պետք է պատասխանի այս հարցերին։
Նա նաև ընդգծել է, որ արդյունավետ աշխատող դասախոսներին աշխատանքից ազատում են քաղաքական պատճառներով։











