Երևանի քաղաքապետարանն ապօրինի կերպով օգտագործում է «Մուլտի Վելնես»-ի գույքը։ Այս մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը։

Նա հայտնել է, որ մարզահամալիրը քաղաքապետարանին փոխանցելու հետ կապված ներկայացվել է 2 հայց։ «Քաղաքապետարանն իրավունք չունի օգտագործել այն։ Եթե տարածքի վերաբերյալ հարցեր կան, ապա գույքն օգտագործելու և շահույթ ստանալու իրավունք քաղաքապետարանը չունի», — ընդգծել է Տոնոյանը։

Նրա խոսքով՝ ազգայնացված «Արարատցեմենտ» և «Նոյ» գործարանների հետ կապված իրավիճակը նույնպես մտահոգիչ է։ 2 ամսում ցեմենտի գինն աճել է 20 տոկոսով, ինչը շղթայական ռեակցիայով կհանգեցնի բնակարանների գների բարձրացմանը և ընդհանուր առմամբ կանդրադառնա շինարարական բիզնեսի վրա։ «Նոյ» գործարանից ահազանգեր են ստացվում աշխատակիցների զանգվածային կրճատումների մասին։

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի մյուս ձեռնարկությունները պարապուրդի մեջ են։ «Իրավիճակը ողբերգական է։ Ահռելի վնաս է հասցվել կոնցեռնին և բացասական հետևանքներ առաջացրել բյուջեի համար։ «Մուլտի Տաբակ»-ի վնասը 2 ամսում կազմում է շուրջ 4 միլիարդ դրամ, պատկերացրեք, թե որքան է կորցրել բյուջեն», — նշել է Տոնոյանը՝ հարցադրում անելով, թե որն է միտումնավոր բյուջեին վնաս հասցնելու շահագրգռվածությունը։ «Սակայն տեսարանների ցանկությունն իշխանությունների մոտ ավելի մեծ է», — արձանագրել է Տոնոյանը՝ հավելելով, որ օբյեկտների պարապուրդը բյուջեի համար կվերածվի ահռելի հարկային պակասորդի։

«Բացի այդ, 10 հազար մարդ զրկված է աշխատանքից և հեռանկարներից։ Սակայն դա ամենևին չի հուզում իշխանություններին», — եզրափակել է Տոնոյանը։