Գյումրիից ռուսական բազան դուրս բերելու դեպքում Հայաստանը ստիպված կլինի ավելացնել զորքերի թվաքանակը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՈՄԱ ռազմաքաղաքական հասարակական կազմակերպության ղեկավար, հետախույզ Վովա Վարտանովը։
«Կպահանջվեն լրացուցիչ 25 հազար զինծառայողներ՝ 5 հազար գործող զինվորական և 20 հազար պահեստազոր։ Եվս 5 հազարով անհրաժեշտ կլինի ավելացնել սահմանապահների թվաքանակը սահմանի այս հատվածում։ Ընդ որում, ժամկետային զինծառայողների թվաքանակը մենք արդեն կրճատել ենք 25%-ով»,- նշել է նա։
Վարտանովը մատնանշել է նաև սպառազինության համալրման խնդիրը՝ բազան դուրս բերելու դեպքում։
Նրա գնահատմամբ՝ ՀԱՊԿ-ի դեմ առաջին քայլը կատարել է Հայաստանը։ Նա հիշեցրել է Կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ձերբակալության մասին։ «Կարո՞ղ էր ՀԱՊԿ-ը նեղանալ դրանից։ Քանի՞ անգամ իշխանամետ ուժերը ակցիաներ են անցկացրել ռուսական բազայի դեմ։ Կրեմլն այս ամենը չի՞ հասկանում»,- հավելել է նա։
Նրա խոսքով՝ այս անգամ Պուտինը գնացել է վա-բանկ՝ հայտարարելով, որ Ռուսաստանը կարող է դուրս բերել բազան։
«Իսկ եթե Հայաստանի ներկայիս իշխանությունների հովանավորները կոչ անեն գնալ այդ քայլին՝ օգնություն խոստանալով, և Հայաստանի իշխանությունները գնա՞ն դրան։
Եթե Հայաստանը խոչընդոտի տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական ներկայությանը, ապա վերջինս ստիպված կլինի Հայաստանի դեմ երկրորդ ճակատ բացել։ Դա կարող է տեղի ունենալ, եթե մենք, օրինակ, դադարեցնենք բազայի ջրամատակարարումը և/կամ փակենք ճանապարհը, որպեսզի բազայի համար նախատեսված բեռները չհասնեն Գյումրի։
Միևնույն ժամանակ, նրա գնահատմամբ, եթե Հայաստանը հրաժարվի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հարցով հանրաքվե անցկացնելուց, Ռուսաստանը ռազմական գործողություններ չի իրականացնի․ այն կարող է այլ՝ ոչ ռազմական բնույթի ճնշում գործադրել»,- ընդգծել է Վարտանովը։
Անդրադառնալով գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրից հրաժարվելու մասին դիմում գրելու որոշմանը՝ նա նկատել է, որ դա վաղուց է տեղի ունեցել։ «Ինչո՞ւ նրա դիմումը ներկայացրին որպես նորություն։ Հավանաբար՝ ինչ-որ բանից շեղելու նպատակով, հնարավոր է՝ ոչ մարտական պայմաններում զոհերի առկայությունից, ինչը հարված է հասցնում Հայաստանում իշխող ուժի իմիջին։ Նա 2020 թվականին եկել էր Հայաստան՝ հանդիպումներ անցկացնելու և նախապատրաստվող հարձակման մասին զգուշացնելու համար, սակայն նրա ինքնասիրությանը հարված էր հասցվել»,- հավելել է Վարտանովը։
Նա հիշեցրել է, որ Տեր-Գրիգորյանցը նրանցից է, որը ժամանակին Զինված ուժերը վերածել է կանոնավոր բանակի, որի շնորհիվ էլ 1994 թվականին հաղթանակ է ձեռք բերվել։
«Նա ձևավորել է Գլխավոր շտաբը, առաջնային տեղում դրել է Զինված ուժերը։ Մենք չենք գնահատում այն, ինչ ունենք։ Նրանք, ովքեր ցեխ են նետում Նորատ Տեր-Գրիգորյանցի վրա, պետք է զգուշանան, այլապես կարող են շատ լուրջ հարվածներ ստանալ»,- եզրափակել է Վարտանովը։











