Առանց մեկնաբանության, իրավապահները զբաղվում են, եթե չեն զբաղվում, պետք է զբաղվեն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով իր մասին  ՔՊ–ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի աղմկահարույց հայտարարություններին։

Խոսելով Հայկ Սարգսյանի բարձրացրած հարցի մասին, թե օնլայն խաղատների մասով իր բերած օրինագիծը ԱԺ-ում չի քննարկվել Ալեն Սիմոնյանի ցուցումով, Սիմոնյանը նշեց. «ԱԺ բերված որևիցե օրինագծի մասով քննարկման չեմ մասնակցել, որևիցե կարծիք չեմ հայտնել, բովանդակություն չեմ քննարկել, չեմ առնչվել, չեմ կարդացել, այլ  կերպ չեմ քննարկել։ Կրկնում եմ՝ այդ ամենը, ինչի մասին ասում է, դրանով պարտավոր են զբաղվել իրավապահները, չեմ բացառում, որ արդեն զբաղվում են»։

Հարցին՝ ճի՞շտ է, որ ԱԺ նախագահի ձեր գրության հիման վրա տեսչական մարմինը ստուգումների է գնացել Շորժա և տուգանել, Ալեն Սիմոնյանը դրական պատասխան տվեց. «Այո, ճիշտ է, որովհետև այդ հայտարարությունների հիման վրա իմ մոտ հարց է առաջացել արդյոք մարդը, ով սուրբ է ձևանում, ֆիլանտրոպ Հայկ Սարգսյանը, այդքան լավն է, ինչպես ինքն է ներկայանում։ Հայաստանի Հանրապետությունը շատ փոքր է, Երևան քաղաքը շատ փոքր է, և բոլորը շատ լավ գիտեն, թե ինչերի մեջ է այդ անձնավորությունը։

Ես ոչ բիզնեսներ ունեմ, ոչ հանքեր ունեմ, ոչ ափեր ունեմ, ոչ կրիպտոարժույթներ ունեմ։

Խնդիրն այն է, որ այդ անձնավորությունը օգտվում է այն բանից, որ ես նաև պարտավոր եմ մեր կուսակցական թեմաները մեր կուսակիցների հետ կապված հայտարարությունները առնվազն համաձայնեցնել կամ քննարկել մեր գործընկերների հետ։ Ես հաճախ լռել եմ։ Գնացեք իրենից հարցրեք, օրինակ, այդ պետհամարանիշների մասին, որ ինքը խոսում է, որտեղից այդ պետհամարանիշները»։

Հիշեցնենք, որ օրերս Հայկ Սարգսյանը Մհեր Բաղդասարյանի հետ զրույցում Ալեն Սիոնյանի վերաբերյալ ուշագրավ հայտարարություններ էր արել։

Հայկ Սարգսյանի խոսքով՝ Ալեն Սիմոնյանի հետ առաջին լուրջ խնդիրը ծագել է բուքմեյքերական գործունեության և խաղամոլության դեմ ուղղված օրենսդրական նախաձեռնությունների ժամանակ: Սարգսյանը պնդում է, որ Սիմոնյանը փորձել է խոչընդոտել իր նախագծին և վարչապետին սխալ տեղեկատվություն է փոխանցել իր դիրքորոշման մասին։