Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրել է, թե ինչու Գորիսի քաղաքապետ, նախկինում մոլի ընդդիմադիր Առուշ Առուշանյանը կդառնա ՏԻՄ ընտրություններում քաղաքապետի թեկնածու իշխող ուժի կողմից։
Սեպտեմբերի 11-ի ճեպազրույցում Փաշինյանը հայտնել է, որ Առուշանյանն իրականում կլինի ոչ թե իշխող ուժի, այլ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասնակցությամբ դաշինքի թեկնածու։ Թե դա էությամբ ինչ է փոխում՝ մնացել է կադրից դուրս։ Փաշինյանը բավական խճճված բացատրել է, որ քանի որ Գորիսի բնակչությունն ավանդաբար համապետական ընտրություններում քվեարկում է ՔՊ-ի օգտին, իսկ ՏԻՄ ընտրություններում՝ ընդդիմության, իշխանությունները որոշել են գնալ մթնոլորտը մեղմելու ճանապարհով և ստեղծել դաշինք՝ առաջադրելով Առուշանյանի թեկնածությունը։ Դաշինքը կկոչվի «Համերաշխություն»։
Այն հարցին, թե արդյոք նման մոտեցում կարելի է սպասել նաև այլ վայրերում, որտեղ բնակիչներն աջակցել են ընդդիմությանը, օրինակ՝ Գյումրիում, և արդյոք այնտեղ իշխանությունները կարող են առաջադրել Վարդան Ղուկասյանի թեկնածությունը, ինչպես նաև առհասարակ՝ արդյոք մյուս քաղաքապետերը կարող են ակնկալել քրեական գործերի նման ավարտ, եթե փոխեն իրենց քաղաքական հայացքները, Փաշինյանը պատասխանել է, որ այլ համայնքներում նույնպես նման որոշումներ կլինեն, բայց միայն այնտեղ, որտեղ դա հնարավոր է։ Փաշինյանի կարծիքով՝ Գորիսն արդեն իսկ կառավարության և տեղական իշխանության հաջող համագործակցության օրինակ է։ Որպես ապացույց՝ նա հայտնել է, որ սեզոնի ժամանակ Գորիսում դժվար է հյուրանոցում համար գտնել։
Փաշինյանը նաև հայտնել է, որ Տեղն ու Տաթևը կընդգրկվեն խոշորացված Գորիս համայնքի կազմում։
«Գորիսեցիների պահանջն է չսրել դիմակայության իրավիճակը։ Այն համայնքներում, որտեղ կա չսրելու հնարավորություն, կգնանք համագործակցության այս ճանապարհով։ Բայց ամեն տեղ չէ, որ դա հնարավոր է»,- հայտարարել է Փաշինյանը։











