Հայկական «Էկոատոմ» ընկերությունը գիտական շրջանակներում քննարկման է ներկայացրել 40/100 ՄՎտ հզորությամբ 4-րդ սերնդի ատոմակայանի կառուցման նախագիծը, որը հիմնված է աղային հալույթով և արագ նեյտրոններով ռեակտորի (ԱՀԱՆՌ / MSFR) տեխնոլոգիայի վրա: NEWS.am-ի «Բա իմացար» գիտահանրամատչելի ալիքի «EXPERT» հաղորդման շրջանակում «Էկոատոմ» ընկերության գլխավոր տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Գագիկ Մարտոյանը ներկայացրել է նախագծի մանրամասներն ու Հայաստանի էներգետիկ անվտանգության ոլորտի զարգացման հեռանկարները:

Գիտնականի խոսքով՝ 4-րդ սերնդի այս ռեակտորները ներկայումս համարվում են ամենահուսալի էներգետիկ համակարգերից մեկն աշխարհում: Ի տարբերություն ավանդական ջրաջրային ռեակտորների, որոնք աշխատում են 125–160 մթնոլորտ բարձր ճնշման տակ, աղային հալույթով տեխնոլոգիան գործում է սովորական մթնոլորտային ճնշման պայմաններում, ինչը բացառում է պայթյունավտանգ գոլորշու առաջացումը: Նա նշեց, որ վթարի կամ դիվերսիայի դեպքում աղային հալույթն անմիջապես սառչում է՝ վերածվելով պինդ աղի, ինչը կանխում է տարածքի կամ ստորգետնյա ջրերի ռադիոակտիվ աղտոտումը:

Նրա գնահատմամբ՝ համակարգի մյուս խոշոր առավելությունն այն է, որ ռեակտորում օգտագործվում է բնական ուրան (Ուրան-238)՝ շրջանցելով Ուրան-235-ի հարստացման միլիարդավոր դոլարների հասնող գործընթացը: Բացի այդ, նախագիծը հնարավորություն է տալիս որպես վառելիք վերամշակել և օգտագործել գործող ԱԷԿ-ների աշխատած միջուկային վառելիքը: Գիտնականի հաշվարկներով՝ Հայաստանում կուտակված աշխատած վառելիքը 2000 ՄՎտ հզորությամբ ռեակտորին կարող է էներգիայով ապահովել շուրջ 200 տարի:

Անդրադառնալով կայանի տեղակայմանն ու կառուցվածքին՝ Մարտոյանն ասաց, որ ռեակտորի հիմնական հանգույցները հնարավոր է տպել ժամանակակից 3D փրինտերներով, իսկ մոդուլային ձևաչափը թույլ է տալիս այն կառուցել անմիջապես էներգասպառող օբյեկտների կողքին կամ ստորգետնյա հատվածներում՝ խնայելով տարածքներն ու բարձրավոլտ էլեկտրագծերի ծախսերը:

Հաշվի առնելով, որ ԱՀԱՆՌ տեխնոլոգիայի մշակման ոլորտում առաջատարը Ֆրանսիան է, Հայաստանում ծրագրի իրականացումն առաջարկվում է Հայաստան–Ֆրանսիա–Իտալիա սերտ համագործակցությամբ։

Մասնավորապես «Էկոատոմն» առաջարկում է ֆրանսիացի գործընկերների տեխնոլոգիան համալրել հայկական մշակումներով, մասնավորապես՝ էլեկտրոմեմբրանային եղանակով թափոնների ծավալի նվազեցմամբ, ռեակտորի համար անհրաժեշտ Լիցիում-7 իզոտոպի տեղական արտադրությամբ և բժշկության համար արժեքավոր ռադիոակտիվ իզոտոպների (օրինակ՝ Տեխնեցիում-99) օնլայն կորզմամբ:

Նրա գնահատմամբ՝ առաջին փուլի իրականացման համար անհրաժեշտ է մոտ 150 միլիոն դոլար, որի արդյունքում 5 տարվա ընթացքում կկառուցվի 40 ՄՎտ էլեկտրական հզորությամբ ցուցադրական նախատիպը: Այս ընթացքում վեր կհանվեն բոլոր տեխնիկական ռիսկերը, ինչից հետո նմանատիպ մոդուլային ռեակտորների կառուցումը  հնարավոր կլինի իրականացնել ընդամենը 1 տարում:

Ընկերության գլխավոր տնօրենը հավաստիացրեց, որ միջազգային գործընկերները, այդ թվում՝ ֆրանսիական և իտալական կազմակերպությունները, պատրաստ են հոգալ ֆինանսական բեռը, սակայն հիմնական նախապայմանը Հայաստանի կառավարության պաշտոնական հավանությունն է։

 Գիտնականի խոսքով՝ ծրագրի իրականացումը Հայաստանին թույլ կտա ոչ միայն հասնել էներգետիկ լիակատար անկախության՝ օգտագործելով նաև տեղական ուրանի և թորիումի պաշարները, այլև դառնալ 4-րդ սերնդի ատոմային տեխնոլոգիաների միջազգային ծրագրերի լիարժեք մասնակից:

Առավել մանրամասն՝ հարցազրույցում: