Երեկվա Տիգրանաշեն, մեր այցելությունից հետո, այսօր Փաշինյանը հայտարարել է, որ եթե մենք Ադրբեջանի պահանջները չենք կատարում, պատերազմ կլինի։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այսինքն Ադրբեջանը վերջին ժամանակներում ինչ ասում է, մենք պետք է խաչ անենք մեր դեմքներին, ասենք այդպես անենք, որ պատերազմ չլինի՞։ Սահմանադրություն փոխեք ձեր երկրի, որ պատերազմ չլինի, Անկախության հռչակագիրը հանեք, թե չէ պատերազմ կլինի, Տիգրանաշենը տվեք, թե չէ պատերազմ կլինի, մինչև ու՞ր։ Այսքան մարդ ընդունեք, թե չէ պատերազմ կլինի, սա դիվանագիտություն չէ, սա միակողմանի զիջումներ են։

Մենք հենց դրա համար ենք ասում՝ դիվանագիտական ճանապարհով, թող մեր վրա չնկարեն այլ ճանապարհներ, դիվանագիտական ճանապարհով Հայաստանի տարածքում գտնվող հայկական օրենքներով Տիգրանաշեն համայնքը պետք է մնա Հայաստանի տարածք։ Հողի վրա այնպես պետք է բանակցվի, որ Տիգրանաշենը մնա Հայաստանի տարածք։ Երկու միլիոն տոննա բեռ է գնում, ամբողջ Հայաստանի առևտուրը այդտեղով է գնում, 100 հազարավոր մարդիկ էլ մեր հայրենիքի տարբեր հատվածներ են գնում։ Թե չէ, ամեն րոպե մի եկեք ասեք՝ այս չանեք, պատերազմ կլինի, այն չանեք, պատերազմ կլինի, 10000 հոգու չընդունեք, պատերազմ կլինի։ Այդպես չեն դիվանագիտություն անում»։