Սահմանադրության փոփոխությունն ուղիղ թելադրվեց անմիջապես պատերազմից հետո։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 11–ին, «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած «Որտե՞ղ է ձևավորվում հայկական օրակարգը» խորագրով պանելային քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Արման Աբովյանը։

«Սահմանադրության փոփոխությունն ուղիղ թելադրվեց անմիջապես պատերազմից հետո վիժվածքածին «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտն առաջ բերելուց, որ սրանք իրենց ճղում ասում էին՝ նման կոնցեպտ չկա, որ ՀՀ-ի արտաքին հետախուզությունը հրապարակել էր «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտը վտանգավոր։ Մոռացել էին, ըստ երևույթին, բայց ոչինչ, կհիշեցնենք։ Եվ այս պարագայում հարց է առաջանում, թե ում է ձեռնտու։

Ձեռնտու է, իհարկե, միայն այն համակարգերին, ովքեր ուզում են իրականացնել «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտը։ Պետք է իրավական բազա լինի, որ իրականացվի։ Ես պնդում եմ՝ նոր Սահմանադրությունը «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտի նախերգանքն է, որովհետև, համաձայն հանրային հայտարարությունների, Սահմանադրության մեջ ազգային բաղադրիչը դուրս է հանվում, ու Սահմանադրությունը դառնում է օֆիսային փաստաթուղթ»,- ասել է Աբովյանը։

Նա հավելել է, որ ներկա իշխանությունն այսօր ֆունդամենտալ որոշումներ չի ընդունում, բռնապետական համակարգ է ձևավորվում։

«Ո՞վ է գալիս ու որոշում, որ ձեր երեխաները պետք է ապրեն մի համակարգում, որը վտանգում է ձեր երեխաների կյանքը, նույնիսկ այն պարագայում, երբ դուք համաձայն չեք այդ փաստի հետ։ Իհարկե, չի ընդունվում ՀՀ-ում, որովհետև ներկա իշխանությունը չկա այդքան, որ ֆունդամենտալ որոշումներ ընդունի։ Ինքը կա այդքան՝ մեր բերանը փակելու, մարդկանց բռնելու, բանտարկելու համար, բայց ինքը չկա այդքան։ Դուր գա, թե ոչ, որովհետև եթե նույնիսկ բռնապետական համակարգ է ձևավորվում, գոնե բռնապետական համակարգը պետք է ինքը իրեն տեր կանգնի, որովհետև այլ պարագայում սա բռնապետական համակարգ չէ, կոլաբորացիոնիստական համակարգ է, այսինքն՝ կառավարվող։ Սա հստակ ու շատ պարզ պետք է ասենք»,- ասել է Աբովյանը։