Մինչև այժմ պարոն Ռուբինյանից ես երբեք տպավորություն չեմ ստացել, որ նա հումորի զգացողություն ունի և կարող է հումոր ընկալել։ Այս մասին Ազգային ժողովի սեպտեմբերի 14-ի նիստում հայտարարեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ դիմելով ԱԺ նախագահին։

«Այս մեկ ամիսն ինձ ցույց տվեց, որ պարոն Ռուբինյանը չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին, և նրա ընտրվելու հետ կապված, մասնավորապես, իմ հնչեցրած անհանգստությունները շատ տեղին էին։ Ապացույցն այն է, որ այս մեկ ամսվա ընթացքում պարոն Ռուբինյանին չի հաջողվում հավուր պատշաճի կազմակերպել ԱԺ աշխատանքները՝ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքին համապատասխան, ժամանակին չեն կայացվում անհրաժեշտ որոշումները, ինչը հանգեցնում է աշխատանքների, եթե ոչ տապալման, ապա գոնե ձախողումների», — պարզաբանեց ընդդիմադիր պատգամավորը։